Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այն ինչ անում են 17 պլյուս/ մինուս կուսակցությունները ակնհայտորեն Հայաստան պետության հիմնահատակ կազմաքանդումն է, նրա կենսագրծունեությունն ապահովող կարևորագույն օրգանների լիակատար պարալիզացումը:
Կարծում եմ սա թույլ չտալու համար Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության ադեկվատ և բանիմաց սակավաթիվ հատվածը պետք է դուրս գա «ընդհատակից» և ԱԺ բաց, իսկ եթե կուզեք փակ նիստում ամեն ինչ մանրակրկիտ կերպով բացատրի, տեղեկացնի 17 պլյուս/մինուս ուժերին մաս կազմող խորհրդարանի պատգամավորներին՝ ոչ մի դեպքում թույլ չտալով իրադարձությունների հետագա՝ գահավիժման տանող զարգացումների ընթացքը:
Վարչապետն այս պահին և մոտ ապագայում չի կարող հրաժարական տալ: Դրա համար բազմաթիվ ներքին և արտաքին պատճառեր կան: Դրանցից ամենակարևորն այս պահին միջազգային հանրության կողմից վարչապետ Փաշինյանի՝ որպես Հայաստանի սուբյեկտայնությունը քիչ թե շատ պաշտպանող երկրի առաջնորդի նկատմամբ ունեցած վերաբերմունքն է:
17 պլյուսի/մինուսի վարչապետի անխտիր բոլոր թեկնածուները (Քոչարյան, Վանեցյան և մյուսներ) հայտնի են պետությունն ու պետականությունը կործանելու անվրեպ վարպետությամբ:
Այս իմաստով շատ կարևոր եմ համարում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Արցախի կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությունը:
Ստեղծված իրավիճակում այդ հայտարարությունը նաև կոչ է Հայաստանին պատերազմի բեռի ծանրությունից ինքզինքը արագորեն վերագտնելու, պետական կառավարման կայունությունը հաստատելու և ապա Արցախի կարգավիճակի վերաբերյալ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համագործակցաբար Հայաստանի և Արցախի համար շահեկան լուծում գտնելու համար:








































