ՀՀ-ից եկած ամենաուժեղ, էլիտար ստորաբաժանումները, ինչպես նաև Արցախի ստորաբաժանումները հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առջևով ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան։ Չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։ Իհարկե, դրա մասին այսօր արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել, կհարցնեիք ՀՀ ԱԱԾ ծառայության ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս»,- նշել է Հարությունյանը։
Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել և ասել եմ՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք:
Մի քանի օր առաջ ռուսական մի ռազմական վերլուծաբան նշել է, ուզում եք հաղթել՝ պետք է մոբիլիզացնել մինչև 80-100 հազար մարդ, եթե չէ՝ կրվելու եք։ Չեմ ուզում թվեր ասել, թե ինչքան մարդ է միացել, զորքին թողել ենք մենակ, 18 տարեկաններին թողել ենք մենակ», – ասաց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց՝ իր ձեռքի տակ զեկուցագիր կա, որ երկու ստորաբաժանում պետք է ՀՀ-ից ժամաներ Արցախ: «Զեկուցում են, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանման պլանավորած կարևոր օպերացիային մասնակցելուց։ Չհասած դիրքեր՝ հրաժարվել են։ Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովին, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին», – ասաց Արայիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































