Ամերիկյան CBN News հեռուստաընկերությունն անդրադարձել է Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին։ Հեռուստաընկերության թղթակից Չաք Հոլթոնը պատերազմի ընթացքում եղել է Ստեփանակերտում, որտեղից ներկայացրել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի վրա կատարված հրետակոծությունների հետևանքները։
«Ես, անշուշտ, տեսել եմ, թե ինչպես են կասետային ռումբեր օգտագործվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Բնակիչներն ասում են, որ այդ կասետային ռումբերը մայրաքաղաքի վրա նետվում են գրեթե ամեն օր։ Դրանցով ռմբակոծություն է կատարվել նաև այն օրը, երբ ես էի այնտեղ։
Ցավոք, մենք տեսանք, որ այդ ռումբերը կրող հրթիռները պատրաստվել են Իսրայելում»,- պատմում է Հոլթոնը։
Նա նաև խոսել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության մասին. «Ես կարող եմ մի բան ասել՝ ադրբեջանցիներն իրենց քարոզչությունն այնքան էլ լավ չեն կատարում։ Օրինակ՝ նրանք մի հրթիռի նկար էին տեղադրել՝ հայտարարելով, որ դա արձակել են Արցախից, որ այն հարվածել է տանիքին և մտել սեղանի մեջ և չի պայթել։ Խնդիրն այն է, որ նկարում պատկերված հրթիռը թարս է ընկած։ Այսպիսով, նրանց տված տեղեկություններն այնքան էլ արժանահավատ չեն»։
Չաք Հոլթոնը նշում է, որ հայերը խաղաղություն են ուզում, սակայն ադրբեջանցիները, ցավոք, ցանկանում են վերացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ հայերի համար գոյատևման վտանգ առաջացնելով։






































