Արտագաղթի այս փուլը մյուսներից առանձնանում է նրանով, որ պայմանավորված է կառավարության՝ արտագաղթի աճին նպաստող քաղաքականությամբ. խոսելով արտագաղթի ներկայիս վիճակի մասին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մշակութաբան Վարդան Ջալոյանը։
Նա արտագաղթին նպաստող պատճառների թվում նշեց Հայաստանի տնտեսության՝ աշխարհում ամենավատերից մեկը ճանաչվելու հանգամանքը։ «Մեր կառավարությունը վարում է նեոլիբերալ քաղաքականություն, ինչն իր հետևանքն է թողնում արտագաղթի աճի տեմպերի վրա։ Դրան կարող է նպաստել նաև դեմոկրատիայի բացակայությունը, այսինքն՝ մարդը, որն ունի կարիերային հավակնություններ, դեմոկրատիայի բացակայության պայմաններում դա չի կարող անել, որովհետև ամեն ինչ կենտրոնացած է կլանների ձեռքում»,- նշեց մշակութաբանը՝ հավելելով, որ նման մարդը, այստեղ ապագա չտեսնելով, կթողնի ու կհեռանա։
Արտագաղթին նպաստող գործոնների թվում նա նշեց նաև կաշառակերությունը, որի առկայության պայմաններում «սովորական մոբիլությունը հասցվում է մինիմալի», բանկերի ներկայությունը գյուղում, երբ մարդիկ ստիպված եղան բանկերի տոկոսները վճարելու համար մեկնել արտագնա աշխատանքի։