News Georgia-ի փոխանցմամբ՝ այս գիշեր Բաթում է ժամանելու մեգաաստղ Էնրիկե Իգլեսիասը, ով մասնակցելու է MTV Live Georgia համերգին։ Վրաստանի կառավարության ու VIMN-ի (Viacom International Media Networks) նախաձեռնությամբ Վրաստանի պատմության ընթացքում օգոստոսի 2-ին առաջին անգամ Բաթումում տեղի է ունենալու MTV Live համերգը։
Այն տեղի է ունենալու «Եվրոպա» հրապարակում, որտեղ արդեն ավարտված է Իտալիայից բերված բեմի մոնտաժը։ Համերգի տեխնիկական նախապատրաստումն իրականացնում է հնչյունային ռեժիսորների բրիտանական խումբը, ինչպես նաև հոլանդական նկարահանող խումբը։
Շոուի մի մասը աշխարհի 152 երկրներում MTV World Stage-ի միջոցով կտեսնի մինչև 600 միլիոն մարդ։ MTV Live Georgia համերգում ելույթ են ունենալու նաև վրացի կատարողները. Սոֆիա (Սոֆո) Նիժարաձեն, Eldrine ռոք խումբը, որն այս տարվա «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում ընդգրկվել է լավագույն տասնյակում, ինչպես նաև Stephane և 3G խմբերը։
MTV Live Georgia համերգի մուտքն ազատ է, այն մեկնարկելու է ժամը 19.00-ին։ Բաթումում տեղադրվել են երկու վիթխարի էկրաններ՝ համերգի հեռարձակման համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրենց կողմից այսպիսի թանկարժեք ծրագրերի իրականացումը նպաստում է Վրաստանի համաշխարհային ճանաչմանը և երկրի զբոսաշրջության զարգացմանը։









































