Վրաստանը կորոնավիրուսի տարածման մակարդակով մտել է «կարմիր գոտի», հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 26: Ըստ մեր ներքին «լուսացույցի», մենք «նարնջագույնից» տեղափոխվել ենք «կարմիր» գոտի»,- ասել է Գամկրելիձեն:
Նա գտնում է, որ Վրաստանում COVID-19-ի դեպքերի քանակի աճը կշարունակվի, և երկիրը պիկին կհասնի նոյեմբերի երկրորդ կամ երրորդ շաբաթվա ընթացքում:
Իսկ այսօր Վրաստանի իշխանությունները Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի բնակիչներին «խստորեն խորհուրդ են տվել» փողոցում դիմակներ կրել: Կորոնավիրուսի նոր դեպքերի մեծ մասը գրանցվում է երկրի խոշոր քաղաքներում:
Ինչպես հայտնել է կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին՝ անհրաժեշտ է դիմակներ կրել այն վայրերում, որտեղ հեռավորություն պահպանելն անհնար է: