Անցյալ տարվա գարնանը Ադրբեջանի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած հարյուրավոր մարդիկ դժգոհում են, որ առ այսօր չեն ստացել իրենց հասանելիք փոխհատուցումը, իսկ նրանք, ովքեր տեղափոխվել են նորակառույց կացարաններ, ասում են, որ նոր բնակարանները վատ վիճակում են:
Պաշտոնյաներն ընդունում են, որ մի շարք խնդիրներ են եղել, սակայն հավելում են, որ աշխատում են հնարավորինս արագ լուծել դրանք: Այս ամենը, սակայն, չի բավարարում ջրհեղեղից տուժածներին, որոնցից 400-ն հուլիսի 4-ին այս տարի արդեն 9-րդ անգամ բողոքի ցույց էին կազմակերպել Սաբիրաբադի շրջանային վարչության շենքի առջև:
Ցուցարարներից մեկը՝ Մամեդ Նեմաթովը, ասում է, որ իրենք պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել մայրաքաղաք Բաքվում, սակայն ոստիկանությունը խափանեց այդ ծրագրերը:
2010 թվականի մայիսին Քուռ գետը վարարեց՝ հեղեղելով շուրջ 30 հազար տներ և 110 հա գյուղատնտեսական նշանակության հողեր:
Անցյալ տարվա հուլիսին կառավարությունը 300 միլիոն մանաթ (մոտավորապես 375 միլիոն դոլար) հատկացրեց իրադրությունը կարգավորելու համար, սակայն այժմ հարց է առաջանում՝ ինչպես են այդ միջոցները ծախսվել:
«Ինձ ընդամենը 1 600 մանաթ են վճարել տունս և հողատարածքս վերականգնելու համար: Ինձ թվաց՝ կատակ են անում, բայց տեղական իշխանությունների ներկայացուցիչն ասաց, որ անհանգստանալու կարիք չկա, որ ես կարող եմ սկսել վերականգնողական աշխատանքները, իսկ հետո ինձ կվճարեն», – ասում է Իմիշլիի շրջանի Մուրգուզալի գյուղի բնակչուհի Ազիզա Ահմեդովան:
Այս խոստումներին հավատալով՝ Ահմեդովան 2 200 մանաթի չափով բանկային վարկ է վերցրել վերանորոգման աշխատանքների համար վճարելու նպատակով: Նա պատրաստվում էր մարել վարկը փոխհատուցումը ստանալուն պես, սակայն դեռ սպասում է դրան:
«Ինչպե՞ս եմ մարելու վարկը: Բանկը կխլի մեր տունը, և ընտանիքս կրկին փողոցում կհայտնվի», – անհանգստանում է նա:
Մյուսները, ինչպես Սաբիրաբադի շրջանի Ուլաջալի գյուղի բնակիչ Հուսեյնբալա Մուստաֆաևը, ասում են, որ իրենց փոխհատուցում վճարելու որոշումն անգամ չի էլ հաստատվել:
«Շրջանային վարչության ներկայացուցիչը մի քանի անգամ բանավոր խոստումներ տվեց, թե մենք նոր տուն կստանանք: Երբ հարևաններս սկսեցին տեղափոխվել նոր բնակարաններ, ես փորձեցի պարզել, թե մենք երբ կկարողանանք նոր տուն ստանալ: Պարզվեց, որ մեզ անգամ չէին էլ ընդգրկել տուժածների ցուցակում: Միայն բողոքելուց հետո, ընտանիքս ներառեցին նոր բնակարանների կարիք ունեցողների ցանկում, այն էլ՝ աղետից մեկ տարի անց: Աստված գիտի՝ երբ նոր տուն կստանանք», – դժգոհում է Մուստաֆաևը:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո խոսնակ Նիյազի Զամանովը հաստատում է նման խնդիրների առկայությունը:
«Եղել են դեպքեր, երբ կացարաններից զրկված մարդիկ չեն գտել իրենց անունները նոր բնակարանների կարիք ունեցողների ցուցակներում: Սակայն մենք մեղավոր չենք այս ամենում, մենք չենք կազմել այդ ցուցակները, այլ պարզապես ստացել ենք դրանք Սաբիրաբադի շրջանային վարչությունից», – նշում է նա:
Սաբիրաբադի տեղական իշխանությունների ղեկավարի օգնական Վաֆադար Բագիրովը նշում է, որ տեղական իշխանություններին ուղղակի հեղեղել են դիմումներով:
«Մենք քիչ ենք, իսկ ջրհեղեղից տուժածները՝ շատ: Ենթադրաբար, ոմանց պարզապես չի հաջողվել ընդգրկել ցուցակներում: Սակայն երբ նրանց հետ հաջողվում է կապ հաստատել, մենք ուղղում ենք բոլոր սխալները»,- ասում է Բագիրովը:
Պետական միջոցների օգտագործման գործընթացը վերահսկող «Kura» նախաձեռնող խմբի տնտեսագետ Ազեր Ալին նշում է, որ ավելի քան 200 միլիոն մանաթ պետք է հատկացվեր հիմնովին ավերված շինությունների փոխարեն նախատեսված 3 200 տների կառուցման համար:
«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր տան համար պետք է հատկացվեր 63 հազար մանաթ. այս գումարով կարելի է նոր երեք սենյականոց բնակարան գնել Բաքվի կենտրոնում կամ երկհարկանի շքեղ առանձնատուն մայրաքաղաքի ծայրամասերից մեկում»,- ասում է նա:
Ալիի խոսքերով՝ տները դիտելիս պարզ է դառնում, որ դրանցից յուրաքանչյուրի կառուցման վրա ծախսված առավելագույն գումարը չի գերազանցում 10 հազար մանաթը:
Նոր բնակարաններ ստացածներից շատերը դժգոհում են, որ կառուցված տները ցածրորակ են և չեն կարող փոխարինել հներին:
«Ես երկհարկանի առանձնատուն ունեի 150 քմ մակերեսով: Մեր նոր բնակարանի մակերեսն ընդամենը 57 քմ է, իսկ ներքին հարդարման աշխատանքները պարզապես սարսափելի մակարդակով են կատարված», – ասում է Հաջիգաբուլի շրջանի Մեյնաման գյուղի բնակիչ Ազիզագա Գուդրատովը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ավարտեր փոխհատուցման գումարների վճարումը, վերանորոգման և նոր բնակարանների կառուցման աշխատանքները մինչև անցյալ տարվա հոկտեմբերի 15-ը: Նախարարության ներկայացուցիչների խոսքերով՝ առ այսօր 2400 տներ են կառուցվել, սակայն այս տվյալները չեն համապատասխանում «Kura» նախաձեռնող խմբի և Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի կողմից համատեղ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներին:
Նախաձեռնող խմբի համակարգող Օգտայ Գուլալիևը նշում է, որ նորակառույց տների իրական թիվը հասնում է 1800, «հետևաբար, նրանք ավելացրել են այս թիվը 600-ով: Մենք հարցում ենք ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարարություն՝պատասխան գոյություն չունեցող այս տների և կառուցված յուրաքանչյուր տան արժեքի մասին, սակայն այդպես էլ պատասխան չենք ստացել»:
Արտակարգ իրավիճակների նախարարության շինարարության անվտանգության բաժնի խորհրդատու Ռուֆաթ Իսմայիլովը պնդում է, որ կառուցված տների վերաբերյալ նշված թիվը [2400] ճիշտ է:
«Մենք ոչինչ չենք ավելացրել: Ուղիղ 2400 տներ են կառուցվել, և մենք դեռևս պետք է ավարտենք ևս 600-ի կառուցման աշխատանքները: Նրանք պետք է ավելի լավ հաշվարկ կատարեին», – հայտարարել է Իսմայիլովը:
Պաշտոնյան ընդունում է, որ շինարարական աշխատանքների կատարման վերջնաժամկետը լրացել է, սակայն նշում է. «Կարծում եմ՝ մենք կհասցնենք վերջացնել աշխատանքները մինչև ամռան ավարտը»:
Ինչ վերաբերում է նորակառույց տների որակի վերաբերյալ մտահոգություններին, ապա պաշտոնյայի խոսքերով՝ «դժվար է բավարարել միանգամից բոլորին»:
Միևնույն ժամանակ, շատ ավելի մտահոգիչ է այն, թե ինչ ճակատագրի են արժանացել պետության հատկացրած միջոցները: Հետազոտող լրագրող Ռովշան Հաջիբային, ով ուշադրությամբ հետևում էր իրադրության զարգացումներին, ասում է, որ հաշվարկներում «ճեղքվածք» պետք է լինի:
«Պետական միջոցներից հատկացված 300 միլիոն մանաթը բաժանվել է վերականգնողական աշխատանքներով զբաղվելու հրահանգ ստացած երեք կառույցների միջև՝ նրանց գործունեության ոլորտներին համապատասխան: 252,1 միլիոն մանաթ հատկացվել է արտակարգ իրավիճակների նախարարությանը, 20 միլիոն մանաթ՝ տրանսպորտի նախարարությանը, ևս 15 միլիոնը՝ ջրմուղ ընկերությանը: Հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 287 միլիոն մանաթ, բայց պարզ չէ, թե ինչ է պատահել մնացած 12,9 միլիոնի հետ», – ասում է նա:
Պետական հատկացումներում անհամապատասխանության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ կառավարությանն առընթեր տնտեսության և վարկավորման բաժանմունքի ղեկավար Շահին Սադիգովը հայտարարեց, թե կառույցը միայն զբաղվում է հրահանգների համաձայն ֆինանսական հատկացումները տրամադրելով:
«Դրամը հատկացվում է զանազան կազմակերպություններին ֆինանսների նախարարության շրջանակներում, այնուհետև այդ կազմակերպությունները և նախարարությունը հաշվետվություն են ներկայացնում խորհրդարանին», – նշում է Սադիգովը:
Ֆինանսների նախարարության բյուջետային բաժանմունքի ղեկավար Ֆազիլ Ֆարաջովը հրաժարվեց պատասխանել, Հաջիբայիի խոսքերով, անհետ կորած 12.9 միլիոն մանաթների վերաբերյալ հարցին:
Միևնույն ժամանակ, Սաբիրաբադում կազմակերպված ցույցի մասնակիցները հայտարարել էին, որ մինչև հուլիսի 13-ը կառավարությանը ժամանակ են տալիս, և նոր բնակարաններն ու փոխհատուցման գումարները չստանալու դեպքում, պատրաստվում էին երթ կազմակերպել դեպի Բաքու և բողոքի ակցիա սկսել նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի առջև:
Սաբուհի Մամեդլին ազատ լրագրող է Ադրբեջանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:









































