Լիբանանի և Իսրայելի միջև ծովային սահմանի դեմարկացիայի շուրջ բանակցությունների առաջին փուլը մեկնարկել է չորեքշաբթի օրը Էն-Նակուրում, որտեղ գտնվում է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի (UNIFIL) շտաբը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Լիբանանի կառավարության աղբյուրը:
«Հանդիպումը կունենա պրոտոկոլային բնույթ, կողմերը պայմանավորվելու են բանակցային գործընթացի և համակարգման մեխանիզմի շուրջ՝ ժամկետների վերաբերյալ»,- ասել է նա: Նրա խոսքով, բանակցությունները կանցկացվեն ՄԱԿ-ի հովանու ներքո՝ փակ դռների հետևում, կարգելվի լրագրողների մուտքը խաղաղապահների շտաբ:
Բանակցողները Էն-Նակուր են ժամանել Երևանի ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում: Լիբանանի պատվիրակությունը գլխավորում է ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Բասամ Յասինը, իսրայելականը՝ էներգետիկայի նախարարության գլխավոր տնօրեն Ուդի Ադիրին: Բանակցությունների առաջին փուլի բացմանը մասնակցելու է Մերձավոր Արևելքում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեվիդ Շենկերը, որը կողմերի միջև միջնորդական առաքելություն է իրականացնում 2019թ.-ից:








































