Լրատվամիջոցները Արցախում ծավալվող ռազմական գործողությունները որակում են որպես բախումների պատահական արդյունք, բայց դա կարող է լինել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն, գրում են Վաշինգտոնի Պատերազմի հետազոտությունների ինստիտուտի կողմից հրապարակված վերլուծական նյութի հեղինակները:
Հոդվածում նշվում է, որ համատեղ վարժանքներից, Ադրբեջանի ԶՈՒ-ն թուրքական դրոններով համալրելուց և Գյանջայում F-16 կործանիչների առկայությունից բացի, գործողության նախապես ծրագրավորված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջան ուղարկելու նպատակով սիրիացի վարձկանների հավաքագրման վերաբերյալ առաջին հաղորդագրությունները ստացվել են սեպտեմբերի 22-ին՝ պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ առաջ:
«Թուրքիան կարող էր բացահայտ չմասնակցել սեպտեմբերի 27-ի ադրբեջանական հարձակման ծրագրմանը, բայց նվազագույնը՝ պատրաստել է դրա համար անհրաժեշտ ակտիվները և ամբողջովին աջակցել Բաքվին, նույնիսկ եթե հարձակումն Ադրբեջանի անկախ որոշումն էր կամ իսկապես ինքնաբուխ սրացում»,- ասվում է զեկույցում:








































