Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով 06:00-ին, (Երևանի ժամանակով՝ 05:00-ին) Տաջիկստանում բացվել են ընտրատեղամասերը հանրապետության նախագահի ընտրությունների համար: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Տաջիկստանի Ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի (ԸՀԿՀ) տվյալներով՝ երկրում բացվել են 68 ընտրատարածքներ, 3 հազար 375 ընտրատեղամասեր՝ երկրի ներսում: Եվս 39 ընտրատեղամասեր ընտրությունների օրը կբացվեն արտասահմանում:
Ընտրատեղամասերը, որոնք տեղակայված են Տաջիկստանի տարածքում, աշխատելու են տեղական ժամանակով մինչև 20:00-ը:
ԸՀԿՀ-ն նախագահի թեկնածու է գրանցել գործող յոթ կուսակցություններից հինգի ներկայացուցիչներին:
Հանրապետության ներկայիս նախագահ Էմոմալի Ռահմոնը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից, նախագահի թեկնածու է առաջադրվել իր գլխավորած Տաջիկստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության կողմից, ինչպես նաև Անկախ արհմիությունների ֆեդերացիայի և Հանրապետության երիտասարդների միության կողմից: Նախագահի պաշտոնի համար նաև գրանցվել են կուսակցությունների առաջնորդներ՝ Ռուստամ Լատիֆզոդան՝ Տաջիկստանի Ագրարային կուսակցությունից, Աբդուխալիմ Գաֆորզոդան՝ Սոցիալիստական կուսակցությունից, Ռուստամ Ռախմատզոդը՝ Տնտեսական բարեփոխումների կուսակցությունից և Միրոջ Աբդուլոևը՝ Տաջիկստանի Կոմունիստական կուսակցությունից: ԸՀԿՀ-ի տվյալներով՝ ձայնի իրավունք ունի 4 մլն 943 հազար 289 ընտրող:
Ընտրությունները համարվում են կայացած, եթե ընտրատեղամասեր է ներկայացել ընտրողների ավելի քան 50 տոկոսը: Քվեարկության ընթացքը վերահսկելու են 145 դիտորդներ՝ տարբեր միջազգային կազմակերպություններից:
Ընտրությունները լուսաբանելու են տեղական և արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների ավելի քան 267 ներկայացուցիչներ: Տաջիկստանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն քվեարկությունն ավարտվելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ վերջնական արդյունքները՝ ընտրությունների ավարտից հետո ոչ ուշ, քան երկու շաբաթ անց:











































