Բոլոր վկայություններով ու տարբեր փորձագետների կարծիքով՝ ակնհայտ մենք գործ ունենք արդեն Ադրբեջանի՝ իբրև տապալված պետականության հետ։
Ի՞նչ է սա տալիս Հայաստանին, որո՞նք են այս ամենի դրական ու բացասական կողմերը․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը պատասխանեց․ «Այն, որ առաջիկայում կոնֆլիկտը ռազմական տրամաբանությունից փոխակերպվելու է քաղաքականի և դիվանագիտականի, թերևս ոչ մի կողմ այլևս չի ժխտում։ Դա ասում եմ ոչ միայն հիմնվելով Հայաստանի՝ առաջին իսկ օրից հայտարարությունների հիման վրա, որ կոնֆլիկտը չունի ռազմական լուծում, և Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող բանակցային պրոցեսին, այլ նաև ասում եմ՝ հիմնվելով Թուրքիայի, մասնավորապես Էրդողանի ռեժիմի պաշտոնական հայտարարություններին։
Պատերազմի սկզբին Էրդողանը խոսում էր «սրբազան պատերազմի» մասին, խոսում էր, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծվելու է ռազմի դաշտում, սակայն մի քանի օր հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Թուրքիան ընդամենը ցանկանում է դառնալ Մինսկի խմբի համանախագահ։ Այսինքն՝ Թուրքիայի նկրտումները՝ ցանկությունների առավելագույնից հասել է նվազագույն աստիճանի։ Այսօր Թուրքիան միայն խոսում է պրոցեսը նորից բանակցությունների սեղան տանելու մասին, և ընդամենը իր համար այնտեղ ստատուս է փնտրում։
Այս ամենը կարելի է ասել՝ ելնելով նաև Ադրբեջանի հայտարարություններից։ Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, որ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ Հայաստանի զորքերը հետ քաշվեն, սակայն վերջին իրադարձություններից ակնհայտ է, որ Ադրբեջանը հասկանում է՝ երկար ռազմի դաշտում կռվել չի կարող։ Ըստ էության պարզ է՝ երբ բարձրանում են սրերը, դադարում է դիվանագիտությունը, իսկ երբ սրերը դրվում են պատյան, սկսում է դիվանագիտական ճակատը»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































