Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում կարող են տեղակայվել ամերիկյան երկու ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնց գործունեության շառավիղը կազմում է 7000 կիլոմետր։ Բացի այդ, Թուրքիայի տարածքում տեղակայվելու են կանխազարկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է 2500 կիլոմետր։
Թուրքական թերթը նշել է, որ թուրքական իշխանություններն ամենասկզբից հրաժարվել են հայտնել այդ մասին, սակայն Ռուսաստանը տեղյակ է եղել այդ պայմանավորվածության մասին և օրեր առաջ Անկարա ուղարկելով իր «հրթիռային դեսպան», ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինին՝ նախազգուշացրել է նրանց։
Բացի այդ, Ռոգոզինը թուրքական իշխանություններին զգուշացրել է Սև ծովում հրթիռակիր ռազմանավերի հայտնվելու անթույլատրելիության մասին, քանի որ Թուրքիան, Ռուսաստանի նման, ստորագրել է սևծովյան նեղուցներով նավարկությունը կանոնակարգող 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիան։
Հիշեցնենք, որ 2010 թվականի նոյեմբերի 22-ին (ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովից օրեր անց) թուրքական Sabah թերթը գրել էր. «Լիսաբոնյան գագաթնաժողովում վճռվել է Թուրքիայի տարածքում տեղակայել 2 ՌՏԿ, որոնցից մեկը տեղակայվելու է Սև ծովի արևելյան հատվածում, իսկ երկրորդը` Հարավարևելյան Անատոլիայում:
Այդ ՌՏԿ-ները Եվրոպան պաշտպանելու են իրանական հրթիռներից: ՌՏԿ-ների տեղակայումը վերոնշյալ վայրերում կարևորվում է նրանով, որ դրանք հնարավորինս մոտ գտնվեն թշնամական (իրանական) հրթիռների արձակման վայրերին:
Հրթիռային սպառնալիքների չեզոքացումը կարող է տեղի ունենալ 3 տարբեր փուլերում. «առաջին արագություն» (boost), «թռիչքի հետագիծ» (midcourse) և «վայրէջք» (terminal): Ընդհանուր առմամբ Վաշինգտոնի գլխավոր նպատակը միջուկային հրթիռները մթնոլորտից դուրս ոչնչացնելն է, այսինքն՝ դա պետք է տեղի ունենա midcourse փուլում, որով էլ դրա միջուկային հետևանքներից բխող ռիսկը կհասցվի նվազագույնի:
Իրանի պարագայում Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում դեպի Եվրոպա ուղղված հրթիռները վայր գցել boost փուլում, այսինքն՝ մեկնարկում: Դրանով Թուրքիայի տարածքը զերծ կմնա համապատասխան ռիսկերից, ինչպես նաև Թուրքիայի համար շատ կարևոր է ժամանակի քննարկման խնդիրը: Սակայն Թուրքիան չի ցանկանում տվյալ խնդրում հանդիսանալ boost փուլի կենտրոնը` նախընտրելով midcourse փուլի կենտրոնի դերը:
Բալիստիկ հրթիռների գործարկումը թշնամուց պահանջում է 8 րոպե:
Արձակվելուց հետո (boost փուլում) այն սլանում է վայրկյանում 1100 մետր արագությամբ: Իսկ ահա midcourse փուլում (հորիզոնական դիրքով) հրթիռի արագությունն էլ ավելի է մեծանում` կազմելով վայրկյանում 3 կիլոմետր:
Դա նշանակում է, որ եթե Իրանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի դեպի ԱՄՆ (որը ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների համեմատ բավական հեռու է գտնվում Իրանից), ապա այն նշանակման վայր կհասնի 30-35 րոպեում: Դրա համար էլ հրթիռային սպառնալիքին դիմագրավելու համար Իրանի անմիջական հարևան Թուրքիայից պահանջվում է նման պարագայում ակնթարթային վճիռ կայացնել»:









































