Ռուսական tvrain-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին հնարավոր է՝ կայանա ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ: Աղբյուրի պնդմամբ՝ այցը հավանաբար կտևի հոկտեմբերի 11-ից 13-ը: Միևնույն ժամանակ, զրուցակիցը նշել է, որ ծրագրերը կարող են փոխվել՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Տարածաշրջանում առկա հակամարտությունը պետք է դառնա բանակցությունների հիմնական առարկան, եթե դրանք տեղի ունենան: Առաջիկա այցի մասին տեղեկությունը, ըստ լրատվամիջոցի, հաստատել է նաև Երևանում «Դոժդ»-ի իրազեկ զրուցակիցը:
Բացի այդ, ինչպես պարզել է «Դոժդ»-ը, դիվանագիտական աշխատանքներ են տարվում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում անցկացնելու ուղղությամբ: «Դոժդ»-ի զրուցակիցները նշել են հոկտեմբերի 8-9-ը որպես հանդիպման հավանական ժամկետներ՝ նշելով, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Ժնևում: Ըստ նրանց՝ քննարկվել է նաև խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) ներկայացուցիչների հանդիպումը դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով՝ Հայաստանի և ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:










































