Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հերթական այցը Բաքու և հանդիպումներն Ալիևի հետ կրկին ցույց տվեցին, որ Ադրբեջանն ամբողջությամբ ղեկավարվում է Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանության կողմից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Մասնավորապես, Չավուշօղլուն Ալիևին ուղղված իր խոսքում նշել էր, որ Ադրբեջանը հրադադարի կարիք չունի, և այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը հրադադարի կոչ է արվում, փաստորեն Թուրքիան կոչ է անում չպահպանել հրադադարը և ընդամենը հաշված ժամեր անց տեղի ունեցավ Զաքիր Հասանովի կողմից հատուկ նիստ, որտեղ հայտարարվեց, որ իրենք շարունակելու են հարձակումն ու ագրեսիան, ինչի ականատեսն ենք լինում այս պահին»,-ասաց նա:










































