Ֆրանսիան պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խթանմանը՝ երկուշաբթի օրը հայտարարել է արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցներից հետո:
«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հասնելու և բանակցությունները վերսկսելու համար»,- գրել է նախարարը Twitter-ի իր էջում: Նա նաև հավելել է, որ Լավրովի հետ զրույցի ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել հրատապ միջոցառումների անհրաժեշտության մասին»:
«Դա արվել է Մինսկի խմբում երկու երկրների համանախագահության շրջանակներում», – ասել է Լե Դրիանը:
Նախարարը հավելել է, որ Բայրամովի և Մնացականյանի հետ բանակցությունների ընթացքում ինքը «կրկնել է նույն դիրքորոշումը»:








































