ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան կարճ ժամանակով լքել է Վաշինգտոնի արվարձանում գտնվող ռազմական հոսպիտալը, որտեղ նա բուժվում է կորոնավիրուսային վարակի դեմ, որպեսզի ողջունի Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալի մոտ հավաքված իր աջակիցներին:
Թրամփը նրանց ողջունել է լիմուզինից՝ դուրս չգալով ավտոմեքենայից, որից հետո վերադարձել է հիվանդանոց:
Թրամփի կողմնակիցները ողջունել են նախագահի այս քայլը, որը վկայում է, որ նա դեպի ապաքինում է գնում: Սակայն Թրամփի հասցեին նաև քննադատություններ են հնչել, այդ թվում՝ հիվանդանոցի բժիշկներից մեկի կողմից: Դոկտոր Ջեյմս Ֆիլիպսը նախագահի արարքը «խենթ» է անվանել, քանի որ այժմ, նրա պնդմամբ, բոլոր նրանք, ովքեր Թրամփի հետ եղել են նույն ավտոմեքենայում, ստիպված կլինեն ինքնամեկուսանալ՝ չխոսելով կորոնավիրուսով վարակվելու ռիսկի մասին:











































