Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այսօր հայտնի է դարձել, որ պայթեցվել է երկրի տարածքով անցնող խոշորագույն նավթամուղներից մեկը, որը ձգվում է ապստամբ Հոմս քաղաքից մինչև միջերկրածովյան Տարտուս նավահանգիստը: Այս մասին հաղորդում է պետական SANA գործակալությունը: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Պայթյունը տեղի է ունեցել Թալքալահ քաղաքի մերձակայքում, որտեղ մայիս ամսին անվտանգության ուժերն անցկացրել էին հակակառավարական ուժերի մեծ ջարդ, որում զոհվել էր 35 հոգի: Նահանգապետ Հասան Աբդ ալ Ալն ասել է, որ «ահաբեկչական տարրերը նավթամուղի տակ տեղադրել են միջին հզորության պայթուցիկ, ինչի հետևանքով վնասվել է խողովակաշարի 15 մետրանոց հատվածը, տեղի է ունեցել նավթի արտահոսք»:
«Ահաբեկիչները ցանկացել են պայթեցված նավթամուղից նավթն ուղղել դեպի մերձակա ջրամբար, և դրանով զգալի վնաս հասցնել գյուղատնտեսությանը»,- հավելել է Աբդ ալ Ալը:








































