«Փաստարկ» ակումբում այսօր հյուրընկալված ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը համարեց իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը: Նա ցավով նշեց, որ այդ գործընթացը քաղաքական օրակարգը չի արտացոլում, և ավելացրեց, որ եթե նույնիսկ սեպտեմբերին կամ հոկտեմբերին ընտրություններ լինեն, դրանք քաղաքական իրավիճակ չեն փոխի: Որպես դրա պատճառ՝ նա նշեց, օրինակ, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի նշանակումը՝ նրան համարելով կեղծիքների խորհրդանիշ: Ա.Մելիքյանը նշեց, որ Ազարյանի ԿԸՀ նախագահ լինելը վկայում է, որ իշխանությունները պատրաստ են կրկնել 2008թ. ընտրությունները, ուստի այսպիսի երկխոսությունը Հայաստանին օգուտ չի բերի:
Այս օրակարգով երկխոսության հեռանկարը նա դրական չհամարեց և նշեց, որ մենք դրա կարիքը չունենք: Ա.Մելիքյանը չբացառեց, որ իշխանությանը ձեռնտու կլինեն արտահերթ ընտրությունները, և նշեց՝ եթե ՀԱԿ-ը հանդես չգա ԿԸՀ նախագահի նկատմամբ բացարկի պահանջով, ապա ինքը դա կհամարի գործարք իշխանության և ընդդիմության միջև: Ա.Մելիքյանը կարևորում է կառավարման էվոլյուցիոն փոփոխությունները և կարծում, որ դրա շուրջ պետք է ընթանա երկխոսությունը: