Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան հայտարարությունը, ինչի կապակցությամբ թուրք-ադրբեջանական կողմը մեծ հիստերիա է բարձրացրել։
«Սարգսյանի հայտարարությունը «սադրիչ» է, Թուրքիային «սադրելը» Հայաստանին ոչ մի լավ բան չի տա։ Արդեն մի քանի հարյուր տարի է, ինչ բոլորը «գիտեն», թե որտեղ է գտնվում Արարատ լեռը (թուրքերեն՝ Աղրը դաղ – Ծանր լեռ)։ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուղղված է միայն ներքին լսարանին։
Ժամանակին նրանք «սովյալ» վիճակում էին, մենք Թուրքիայից նրանց ցորեն ենք ուղարկել։ Թո՛ղ նրանք «խելք հավաքեն» և հրաժարվեն «Սփյուռքի խաղի» մեջ մտնելուց։
Թուրքիան շատ ուժեղ երկիր է, ոչ ոք չի կարող չար աչքով նայել նրան, նրա տարածքին՝ լեռներին, հովիտներին, ջրերին։ Այդ հողերի տերը մենք ենք»։
Այստեղ Արարատ լեռան հարյուրավոր տարիների գտնվելու հայտնի լինելուց խոսող թուրք փոխվարչապետին պետք է հիշեցնել, որ 2010 թվականի նոյեմբերի սկզբին թուրքական Vatan թերթը գրել էր, որ Արարատ լեռը Լենինի նվերն է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին:
Ինչ վերաբերում է Թուրքիայից ցորենի առաքումներին, ապա միանգամից պետք է փաստել, որ դա ամենևին էլ թուրքական օգնություն չի հանդիսացել։ Խոսքը գնում է «Կարս-Գյումրի» երկաթուղով և Մարգարայի կամրջով 1992-1993 թվականներին ԵՄ-ի վարկով (տարբեր տվյալներով) գնված 58,000-100,000 տոննա ցորենի մատակարարումների մասին, ինչը դադարեցվեց 1993 թվականի ապրիլի սկզբին, երբ Քարվաճառի (Քելբաջար) ազատագրումից անմիջապես հետո Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը։
Ճիշտ է՝ Թուրքիան կարող էր չթույլատրել ցորենի խմբաքանակի ժամանումը Հայաստան, սակայն այդ դեպքում ցորենը կարող էր Հայաստան հասնել Իրանի միջոցով կամ մեկ այլ ճանապարհով։









































