«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ազգային հավաքականին չմիանալու վերաբերյալ որոշումը շարունակում է բուռն կերպով քննարկվել հասարակության շրջանում։ Նախօրեին Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին նույնիսկ անդրադարձել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն։ Քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար մեղադրվող Հայրապետյանը, որը ճողոպրել է Հայաստանից և գտնվում է հետախուզման մեջ, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին՝ կարող եմ համոզված ու վստահ պնդել, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում: Եվ պետք է հիասթափեցնեմ այն պնդումների հեղինակներին, թե Հենոյի որոշման պատճառը կարող էր լինել իմ կամ այլոց հետ լավ կամ վատ հարաբերությունը, որովհետև Հենոյի հայրենասիրությունը շատ ավելի վեր է, քան այս կամ այն անձի հետ նրա հարաբերությունը: Եվ առհասարակ, նա իմ ճանաչած և բոլոր ժամանակների ամենահայրենասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է, ով ոչ մեկ անգամ է դա ապացուցել՝ ինչպես դաշտում, այնպես էլ դրանից դուրս: Հասկանանք ու գնահատենք նաև, որ նա շատ հաճախ դա արել է՝ վտանգելով իր առողջությունն ու վեր կանգնելով նեղ անձնական շահերից: Հենոն եզակի այն հայրենասերներից է, ով գիտի բարեգործություն անել, ով գիտի բարեգործություն անել և շատ հաճախ անգամ դրա մասին չխոսել: Նա երբ պետք էր՝ Արցախում էր, երբ պետք՝ Հայաստանի որևէ մի սահմանամերձ գյուղում, մանկատանը, հիվանդանոցում, իր ժողովրդի ու իր զինվորի կողքին: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ անձը, որը հենց այդ նույն օրերին ակտիվորեն ու բացահայտ հանդես էր գալիս Արցախի Հանրապետության և հայոց բանակի դեմ, իսկ այսօր զբաղեցնում է ՀՖՖ նախագահի աթոռը, չէր կարող Հենոյի համար պատճառ հանդիսանալ չմիանալու ազգային թիմին»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հայտնել էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին չի մասնակցի մարզավիճակի հետ կապված խնդիրների պատճառով։ «Ինձ հետ հեռախոսազրույցում Մխիթարյանը նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սևիլիայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները, և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»,- նշել էր Կապառոսը։
Այսպիսով, Մխիթարյանը իսպանացի մասնագետին հստակ կերպով հայտնել էր հավաքականին չմիանալու պատճառի մասին։ Ավելին, մեր ֆուտբոլիստը խոստացել է նաև մոտ մեկ ամսից 100 տոկոս նվիրումով օգնել իր երկրի գլխավոր թիմին։ Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանը ուղղակի կերպով կասկածի տակ է դրել Մխիթարյանի հայտարարությունը։ Եթե մեր հավաքականի ավագը նշում է իր որոշմանը դրդապատճառը, ի՞նչ կարիք կա ենթատեքստեր փնտրելու կամ, ինչպես ընդունված է ասել, մութ սենյակում սև կատու փնտրելու։
Հատկանշական է, որ հայրենասիրությունից և բարձր արժեքներից խոսում է մի մարդ, ով մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, ով փախել է հայրենիքից և համարձակություն չունի վերադառնալու Հայաստան և ներկայանալու իրավապահ մարմիններին։ Ավելին, Հայրապետյանը կոչ է արել իր համախոհներին աջակցել Հենրիխ Մխիթարյանին։
Մխիթարյանին տարիներ շարունակ աջակցել և աջակցում են բոլորը։ Մխիթարյանի պես անձնավորությունը ուղղակի չի կարող ունենալ հետախուզման մեջ գտնվող մարդու աջակցության կարիք։ Փախուստի մեջ գտնվող կարկառուն ՀՀԿ-ականը պատեհ առիթը բաց չի թողնում իր անձի շուրջ արհեստական աժիոտաժ առաջացնելու։ Նախորդ տարվա դեկտեմբերին Հայրապետյանն իր աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահի թեկնածուներից մեկին՝ ըստ էության զրկելով նրան հաղթանակի հնարավորությունից։ Հիմա էլ Հայրապետյանը աջակցում է Մխիթարյանին։ Մարդկանց անվան հետ խաղալու փոխարեն շատ ավելի ցանկալի կլիներ, որ պարոն Հայրապետյանը դատարանի առաջ պատասխան տար իրեն առաջադրված քրեական հոդվածների համար։
Նեմեց ռուբոները և նմանատիպ այլ անձինք չեն գիտակցում, որ իրենց գնացքը վաղուց արդեն գնացել է։ Նրանք պատրաստ են Մխիթարյանի և հեղինակություն վայելող այլ հայտնի մարդկանց անունները օգտագործել ինչ-որ դիվիդենդներ շահելու համար։



































