Շվեդացի ակտիվիստ Գրետա Թունբերգն օգոստոսի 28-ին վերադարձել է ի պաշտպանություն կլիմայի սովորական պիկետների այն բանից հետո, երբ գարնանն այդ ակցիաները, նկատի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը, տեղափոխվել էին Ինտերնետ և դարձել թվային: Այժմ նրան կարելի է կրկին տեսնել Ստոկհոմի կենտրոնում՝ խորհրդարանի առջև նույն տեղում, որտեղ 2018 թվականի օգոստոսին նա սկսել է միայնակ պիկետներ անցկացնել՝ ի պաշտպանություն կլիմայի:
«Դասադուլի 106-րդ շաբաթը: Կրկին Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ,- գրել է Գրետան Twitter-ում:- Եթե դուք գործադուլ անեք, մի՛ մոռացեք պահպանել սոցիալական հեռավորությունը և հետևել սահմանափակումներին COVID-19-ի պատճառով»:
Գրությունն արված է լուսանկարի տակ, որտեղ ակտիվիստուհին պաշտպանական դիմակով կանգնած է մի քանի համախոհների հետ խորհրդարանի շենքի առջև՝ «Դասադուլ հօգուտ կլիմայի» պլակատով: Թունբերգն ամբողջ աշխարհւմ հայտնի է որպես «Դասադուլ հօգուտ կլիմայի» շարժման ոչ պաշտոնական առաջնորդ, որը միավորել է գլոբալ տաքացման նկատմամբ հազարավոր ոչ անտարբեր երիտասարդների: Նա առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի 2019 և 2020 թվականներին, ինչպես նաև նշվել մի շարք այլ պարգևներով: Թունբերգին շնորհվել է «Տարվա մարդ» կոչումն ըստ ամերիկյան «Թայմ» հանդեսի:








































