Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի բժիշկները ստուգել են Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում խոլինեսթերազի արգելակիչի առկայությունը, սակայն արդյունքները բացասական են եղել: Այս մասին հայտարարել է հիվանդանոցի թունաբանական բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սաբաևը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Նավալնիի օրգանիզմում այս նյութի հայտնաբերման մասին հայտարարել են բեռլինյան «Շարիթե» կլինիկայում:
«Նավալնիի հոսպիտալացումից հետո հետազոտություններ են իրականացվել թմրամիջոցների, սինթետիկ նյութերի, հոգեմետ և բուժիչ նյութերի, այդ թվում` խոլինեսթերազի արգելակիչի առկայության վերաբերյալ, արդյունքը եղել է բացասական»,- ասել է Սաբաևը:
Նա հավելել է, որ Նավալնիի մոտ «բացակայել է այս խմբի նյութերով թունավորմանը բնորոշ կլինիկական պատկերը»:
Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն ասել է, որ առայժմ չի կարող մեկնաբանել հետազոտության արդյունքների անհամապատասխանությունը: «Իհարկե, մենք դա պարզելու ենք. մենք ենք սխալվել, թե՞ լաբորատորիան, թե՞ սա ապատեղեկատվություն է»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Նավալնիին անմիջապես ատրոպին են ներարկել, որը հակաթույն է համարվում: