Հայաստանի երրորդ նախագահի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող մամուլի ասուլիսը, ըստ էության, սուր բանավեճ է հրահրել՝ ներառելով նաև Տավուշի մարտական դեպքերը: Այդ ասուլիսում հնչած գնահատականերին անդրադարձել է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարն էլ անդրադարձել է տավուշյան մարտական գործողություններին և հետագա իրադարձություններին:
Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը և կառավարման հարցերի փորձագետ Սերոբ Անտինյանը:
ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը դեռևս չի հրապարակվել, սակայն նրա շուրջ կրքեր են բորբոքվում. արդյո՞ք դա ինչ-որ հաշվարկով է արվում: Սերոբ Անտինյանի խոսքով՝ այդ զեկույցը, թերևս, փարատելու է կասկածները, բացահայտելու է տարբեր մտքերն ու մտայնությունները՝ կապված Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ. «Երրորդ նախագահի ասուլիսը միտված էր կանխելու զեկույցում տեղ գտած ինչ-ինչ բացահայտումների հետ կապված հնարավոր կարծիքները»:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ օրերս տված ասուլիսում արված հայտարարությանը, թե 2016 թվականի Ապրիլյան պատերազմը հաղթանակ էր, ասել է. «Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին»։ Անդրադառնալով այս դիտարկմանը, Հակոբ Բադալյանը նշեց, որ Սամվել Բաբայանի արտահայտությունն ավելի շատ պայմանավորված է Սերժ Սարգսյանի հետ նրա անձնական լարված հարաբերությամբ, որը վաղուց է դրսևորվել, դեռևս Սարգսյանի նախագահության շրջանում, երբ Սամվել Բաբայանը երկրորդ անգամ է բանտարկվել:
«Ապրիլյան պատերազմը պետք դիտարկենք ամբողջ ծավալով, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային նշանակությամբ, միայն այդ ծավալը գնահատելով է, որ կարող ենք եզրակացություն անել, որ մեր բանակը Ապրիլյան քառօրյայում հաղթել է»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ Ապրիլյան պատերազմում հաղթել ենք թե ոչ. սա չպետք է դառնա համազգային դիսկուրսի թեմա:






































