Ընդհանուր առմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հենց միջնորդ երկրի ներկայացուցչի հայտարարություն էր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատում է ԼՂ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ:
«Ամենակարևոր մեսիջներից մեկն այն էր, որ պետք է հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու է Ռուսաստանը հիմա խոսում այդ մասին, որքանով է հավանական, որ շատ արագ կսկսվեն այդ բանակցությունները Տավուշի դեպքերից հետո, նա արձագանքեց. «Թե որքան շուտ կվերսկսեն բանակցությունները, կողմերից է կախված: Կարծում եմ՝ այստեղ խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը հասկանա, դասերը քաղի, որ իրոք բանակցությունների ճանապարհը միակն է, որով կարելի է առաջ ընթանալ, իսկ ցանկացած ռազմական սադրանք իրենց որևէ բան չի տալու»,-ասաց պատգամավորը:











































