Կորոնավիրուսի նոր ալիքը մինչև 40 տարեկան անձանց շրջանում 4 անգամ ավելի արագ է տարածվում, քան 65 տարեկանների շրջանում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, հաղորդում է Reuters-ը:
«Սա ֆրանսիական բացառություն չէ, սա եվրոպական դինամիկա է»,-ասել է նախարարը: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ վարակն աճում է և տարեց մարդկանց շրջանում, և ռիսկային խմբերում:
Վերանը հայտարարել է, որ արդեն 20-40 տարեկանների և տարեցների միջև խաչաձև վարակում է տեղի է ունենում:
Նրա խոսքով, ի տարբերություն անցած ամիսների, երբ վարակի աղբյուրը հիմնականում աշխատավայրն էր, այժմ երեկույթների ժամանակ վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ այս դեպքում չեն պահպանվում սոցիալական հեռավորության կանոնները:
Նախարարը մտավախություն է հայտնել, որ կորոնավիրուսի նոր բռնկում կարող է տեղի ունենալ Չեմպիոնների լիգայի եզրափակչի արդյունքների հնարավոր տոնակատարություններից հետո, որում ֆրանսիական ՊՍԺ-ն օգոստոսի 23-ին կխաղա Մյունխենի «Բավարիայի» դեմ: Նա ֆրանսիացիներին հորդորել է Ֆրանսիայի հաղթանակը տոնելու դեպքում չմոռանալ դիմակների և անվտանգության այլ միջոցառումների մասին:









































