Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։
Քարայըլանը, մեկնաբանելով PKK-ի իրանական թև հանդիսացող «Քրդստանի ազատ կյանք» կուսակցության (PJAK) զինյալների դեմ վերջին շրջանում իրանական բանակի պատժիչ գործողությունները, հայտարարել է, որ դա լրջորեն մտահոգել է իրենց՝ PKK-ի ղեկավարությանը.
«Եթե Իրանն ուղղակիորեն սպառնա մեզ, ապա մենք կդադարեցնենք Թուրքիայի դեմ պատերազմը և, PJAK-ի հետ մեկտեղ, հարձակում կգործենք Իրանի վրա»։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին իրանական բանակը հատել էր իրան-իրաքյան սահմանը և 4 կիլոմետր խորությամբ առաջ շարժվել։ Չպետք է մոռանալ, որ PKK-ի ճամբարները գտնվում են հենց Հյուսիսային Իրաքում։







































