Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ներառել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը երկիր արգելված է, հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը, հաղորդում է «Sputnik Բելառուսը»:
Ցուցակում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 32 մարդ, նշել է Լինկյավիչուսը: Լուկաշենկոյից բացի, այլ անուններ չեն նշվել:
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Բելառուսի մի շարք քաղաքներում ընտրատեղամասերի փակվելուց հետո չարտոնված բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ ընտրակեղծիքների, որի ընթացքում ոստիկանությունը և երկրի ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել:
Ավելի ուշ գործադուլներ են սկսվել երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում՝ նոր ընտրությունների անցկացման և ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունների կիրառման դադարեցման պահանջով: Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները:









































