Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է Մինսկում 19-ամյա ցուցարարի մահվան մասին:
Համաձայն «Evropeyskaya Pravda»-ի՝ համապատասխան տեղեկությունները հայտնվել են ՆԳՆ մամուլի քարտուղարի Telegram հեռուստաալիքում:
«Օգոստոսի 16-ին «Պարտիզանսկի» մայրուղում ժամը 03.20-ի սահմաններում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնի, որը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է ճանապարհի երթևեկելի մասում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հանգուցյալը Բելառուսում անցկացվող ցույցերի մասնակից էր: Ըստ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովայի՝ նա ճանապարհի երթևեկելի մասում է եղել, և ողբերգությունից քիչ առաջ նրան խնդրել են մայթ բարձրանալ:
Միևնույն ժամանակ, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 3.20-ին, բողոքի ցույցերն արդեն վերջացել էին, և այդ ժամանակ Մինսկում զանգվածային գործողություններ չեն եղել:
Մահացածի անունը չի հաղորդել ներքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել էր երկու ցուցարարների մահվան լուրը:
Մի քանի տասնյակ ցուցարարների ճակատագիրը անհայտ է մնում: