Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվել են: Քննարկումները նախաձեռնել է Ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, թեմատիկ մի քանի հատվածներ մշակվում են մի քանի կազմակերպությունների միջոցով:Առանցքային ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Արտաշես Խալաթյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:
Համազասպ Դանիելյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներին, գաղափարներ ու առաջարկներ ներկայացնել:
«Բարեփոխումները պետք է ամբողջական լինեն: «Քաղաքացու որոշում» կուսակցության համար ամենակարևոր խնդիրը Հայաստանի քաղաքական համակարգում լինելու և հաջողության հասնելու կանոններում այնպիսի պայմանների ներառումն է, որ կուսակցական լինելը չլինի եղկելի երևույթ, որ կուսակցությունները չլինեն անվստահելի, խաղի կանոնները լինեն արդարացի և հնարավորություն տան գրեթե յուրաքանչյուր քաղաքացու՝ իր ձայնը լսելի դարձնել: Միքայել Նահապետյանի դիտարկմամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պետք է Հայաստանում քաղաքական դաշտը մաքրվեր, սակայն այդ նպատակից ելնող փոփոխություններ չեն նախագծվել:
«Եթե չենք լուծում կապիտալի լեգիտիմացման, քաղաքականությունը դեկապիտալիզացիայի ենթարկելու հարցը, մաֆիոզ կուսակցություններից չենք ազատվում»,- ընդգծեց Արտաշես Խալաթյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է լուծել նաև հասարակության մեջ սոցիալական բևեռացումը պարպելու խնդիրը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































