«Օգոստոսի 19-ին նախատեսված Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսի ու սեպտեմբերին սպասվող ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացության հրապարակման մեջ ուղղակի կապ կա։ Սերժ Սարգսյանը իր ասուլիսով կանխարգելիչ քայլեր է անում և փորձում է ճնշում գործադրել հանձնաժողովի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացրեց, որ օգոստոսի 19-ին Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսով հանդես կգա 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով։ Դրանից առաջ էլ, ինչպես հիշում ենք, Սերժ Սարգսյանը «անկեղծ զրույց» էր ունեցել՝ կրկին Ապրիլյանի թեմայով։
«Սերժ Սարգսյանը առաջին հերթին ուզում է իմանալ, թե ինչ կա էդ զեկույցում։ Համառորեն գնում է այդ ուղղությամբ և դրա համար էլ փորձում է ճնշման փորձեր գործադրել, որ չլինի այն, ինչ իրեն անհարմար վիճակով պետք է ներկայացնի։ Սերժ Սարգսյանը կանխարգելիչ քայլեր է անում, բայց իրեն պետք է խորհուրդ տրվի՝ հանգիստ սպասի հանձնաժողովի եզրակացության հրապարակմանը։ Բայց նա արդեն իսկ խառնվել է իրար, որը ինչ-որ բան նշանակում է»,-ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը իրար է խառնվել, քանի որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը իր համար ոչ շահեկան է լինելու, և հիմա Սերժ Սարգսյանը փորձում է ճնշում գործադրել հանձնաժողովի վրա, որ իր համար ոչ շահեկան հատվածները չհրապարակվեն, կամ էլ մոտավորապես հասկանա՝ իր մասով ինչ կա, և այդ ուղղությամբ հակաքարոզչություն իրականացնի։ «Իր ամբողջ անձնական օգտագործման լրատվամիջոցները այդ ուղղությամբ են աշխատեցնում, նաև հանձնաժողովի ուղղությամբ։ Սերժը ցանկանում է հրահրել, դրդել, խոսք քաշել հանձնաժողովի անդամների բերանից և դրանից հետո կողմնորոշվել, թե ինչ կա ու այդ ուղղությամբ հակաքարոզչություն անել։ Բայց չեմ կարծում, որ հանձնաժողովն այնքան միամիտ է, որ հիմիկվանից ակնարկի՝ ինչ կա նրա մասով»,- ասաց Շիրինյանը։
Քաղաքագետի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը ոչ մի նոր բան չի կարող ասել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասով։ Նա միայն կարող է բաներ ասել, որով կփորձի իր վրայից հանել պատասխանատվությունը։ Ուրիշ ոչինչ։ «Նա ինչ գիտի, որ ինչ նոր բան ասի։ Կրկնում եմ, ասուլիսը պարզապես կանխարգելիչ քայլ է, ուրիշ ոչինչ։ Դրանից հետո իր լրատվամիջոցները գիշեր-ցերեկ վայրահաչությամբ կզբաղվեն, փաստերը կաղավաղեն, մինչև եզրակացության հրապարակումը։ Բայց լավ կանի հանգիստ նստի ու սպասի հանձնաժողովի եզրակացության հրապարակմանը։ Եթե ասելիք ունի, թող հանձնաժողովի եզրակացությունից հետո ասուլիս հրապարակի ու խոսի, բայց կրկնում եմ, նա հայ ժողովրդին ոչինչ չունի ասելու, բացի ստից։ Նրա ամբողջ կենսագրությունը կեղծիքի վրա է։ Բայց թող իրար չխառնվի, նստի, նայի Լուկաշենկոյին ու իր տարբերակը տեսնի»,- եզրափակեց Շիրինյանը։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի









































