ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը հռչակելու հարցը դեռևս հանվել է օրակարգից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Նրա խոսքերով՝ այդ հարցը քննարկվել է, սակայն իսրայելական կողմը համաձայնել է հետաձգել այն: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Իսրայելը «մեծ» և «իմաստուն» զիջում է արել:
«Հիմա դա օրակարգում չէ, ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի ապագայում», – ասել է Թրամփը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները հարաբերությունների բարելավման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամեդ Ալ Նահյանի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը, Էմիրությունների հետ հարաբերությունների բարելավման դիմաց, պարտավորվում է ժամանակավորապես հրաժարվել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածի բռնակցման ծրագրերից։