Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցուցակը գլխավորում են հանքաքարը և պղնձի խտաքարը՝ 54,929 տոննա կամ մոտ 130 մլն դոլարի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ըստ արժեքի 34.7%-ով ավելի է, սակայն ըստ քանակի պակաս է 4.9%-ով: Սա բացատրվում է նրանով, որ գումարային տեսքով աճը տեղի է ունեցել միայն միջազգային շուկայում այս հումքի թանկացմամբ:
ՊԵԿ հրապարակած «Արտաքին առևտրով ՀՀ-ից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքներ (2011 թ. 1-ին կիսամյակ)» հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ցուցակում վերը նշված ապրանքախմբին հաջորդում են կրկին հումքային ապրանքներ՝ երկաթահամահալվածք և չզտած պղինձ:











































