Հուլիսի 23-ին Վայոց Ձորի մարզում վթարի էր ենթարկվել զինվորականների տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենան, որի հետևանքով 2 զինծառայող մահացել էր: Եվս 15-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց: Այդ մասին տեղեկացրել էր Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նրանք Վայքի զորամասերից մեկի զինծառայողներն են եղել, ովքեր դիրքերից իջնելիս են եղել զորամաս: Մահացած զինծառայողներից մեկը՝ Գեղամ Դավթյանը Երևանի թաղամասերից մեկի բնակիչ էր, ում շատ սիրում էին թաղում: Նրա հուղարկավորությանը ներկա են եղել մարդիկ, ովքեր նույնիսկ չեն ճանաչել Գեղամին, սակայն նրա ընկերների, ճանաչող մեծուփոքրի արցունքները նույնիսկ նրանց են հուզել: «Տղաներն այնպես էին լացում… Ես երբեք չէի տեսել նման դեպք, որ այդքան մեծ ափսոսանք ու խորը ցավ զգային ընկերոջ մահից»,- պատմում էր զինվորի վերջին հրաժեշտին ներկա մի անծանոթ: Որ որդին սիրված էր՝ հաստատեց նաև Գեղամի մայրը, ում հետ հաջողվեց ընդամենը մի քանի բառ փոխանակել: Նրա խոսքով՝ «Հնարավոր չէր նրան չսիրել. նրան մի անգամ տեսնեիր՝ կսիրեիր… Հինգ ամիս էր մնացել, որ գար: Սպորտսմեն էր ու շատ հետաքրքրություններ ու նախասիրություններ ուներ, բայց նրան առաջինը որպես մարդ էին սիրում… Սա մեր բոլորի ցավն է, միայն մերը չի: Մի կերպ ենք դիմանում…»:
Մեր խոսակցությունը Գեղամի հարազատների հետ այդքանով սահմանափակվեց. եղբայրները հասկանալի պատճառներով ընդհանրապես չցանկացան խոսել: Շրջանառվող տեղեկություններից հասկացանք, որ Գեղամի եղբայրներից մեկը նույն զորամասում սպա է և դեպքը հատկապես նա է շատ ծանր տարել: Լուրեր կան, որ Գեղամը ավտովթարի հետևանքով պարանոցի կոտրվածք է ստացել:










































