Եգիպտոսի խորհրդարանը նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին և զինված ուժերին Լիբիա զորք ուղարկելու մանդատ է տվել՝ պետության ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ Եգիպտոսի խորհրդարանում աղբյուրին հղումով:
«Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել, որպեսզի բանակն աջակցի լիբիական ժողովրդին»,- ասել է աղբյուրը:
Այս տեղեկատվությունը հետագայում հաստատվել է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Լիբիայի արևմուտքը, ներառյալ մայրաքաղաք Տրիպոլին, վերահսկվում է Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) կողմից, իսկ արևելքը՝ Խալիֆա Հաֆթարի բանակի կողմից, որն աջակցում է Տոբրուկե քաղաքում գոծող խորհրդարանին:
Լիբիայի ազգային բանակը 14 ամիս ապարդյուն փորձեց գրավել Տրիպոլին: Հունիսին ԱՀԿ-ի ուժերը, Թուրքիայի աջակցությամբ, վերջ դրին քաղաքի պաշարմանը և Հաֆթարի ուժերը ետ մղեցին դեպի Սիրտ-Ալ-Ջուֆրա գիծը, որը համարվում է Լիբիայի «նավթային կիսալուսնի» դարպասը:








































