«Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնը ավարտեց իր աշխատանքը, քանի որ Տավուշում կյանքը վերադարձել է բնական հուն: Տա Աստված, որ այլևս անհրաժեշտություն չլինի այդ տեղեկատվական կենտրոնի աշխատանքները վերսկսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե կա կարծիք, որ տեղեկատվական պատերազմի որոշ դիրքերում հայկական կողմը զիջում է՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Պարերազմում մաքուր 10:0 հաղթանակներ չեն լինում, նույնիսկ բացարձակ հաղթանակներում կորուստներ ու որոշակի թերություններ ես ունենում՝ դա կլինի օդային, ցամաքային, ծովային տիրույթը, թե վիրտուալ…»: Հայաստանի հանրությունը տպավորություն ուներ, որ չճշտված տեղեկությունները շատ են, որոնց մի մասը ակնհայտորեն ներքաղաքական աժիոտաժ առաջացնելու նպատակ էին հետապնդում. անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ օգտատերեր կան, որոնք պղտոր ջրում ձուկ են փորձում որսալ, և այդ խնդիրը միշտ առաջանում է ֆորսմաժորային իրավիճակներում, բայց մեր հասարակությունն արդեն իմունիտետային բարիեր է ձեռք բերել՝ ճիշտը կեղծից, թացը չորից զատելու ունակություն ունի, և թիթեռնիկի կյանք են ունենում ինֆորմացիոն ականները, դրանք շատ արագ պայթում են»:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ տեղին չէ սահմանային այս լարվածությունը համեմատել 2016-ի Ապրիլյան պատերազմի հետ. «Բայց ակնհայտ է, որ որոշ ռազմական, ռազմագիտական գործոններ ավելի են կատարելագործել մեր Զինված ուժերը, և ոչ միայն անակնկալի չեկան, այլ անակնկալի բերեցին հակառակորդին: Մեր զրուցակցի խոսքով՝ տանկերը ժամանակակից պատերազմում «գլխացավանք» չեն, հեշտ է նրանց խոցելը, իսկ ԱԹՍ-ները «գլուխկոտրուկ» են: «Անխոցելի համարվող ԱԹՍ-ներ խոցվեցին, մենք օր ու գիշեր աշխատել էինք,որպեսզի մեր հնարավորություններն այնքան կատարելագործենք, որ կարողանանք, ինչպես ժողովուրդն է ասում՝ ԱԹՍ-ների հախից գալ»:
«Ադրբեջանը քաղաքական ու ռազմական մակարդակում այնքան է ինքնասիրահարված է, որ անընդհատ բարձրագոչ ու ահասարսուռ հայտարարություններ է անում իրենց «հզորության ու աննախադեպ հաջողությունների» մասին, և բլից կրիգների միջոցով փորձում է հաղթանակ տանել հայկական Զինված ուժերի նկատմամբ, բայց ստանում է ջախջախիչ պատասխան,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանի սահմանը վերջին տարիներին գերհագեցված է տեսախցիկներով. օդում, թե ցամաքում ցանկացած տեղաշարժ նկատելի է և՛ գիշերը, և՛ ցերեկը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































