Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից, կեսգիշերին հանել են հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում են, որ մթերքն արդեն փչացել է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը տեղեկացրեց, որ կապ է հաստատել Մոսկվայում այդ ֆուռերի վարորդների, ՍՊԸ-ի սեփականատիրոջ հետ իրավիճակը հասկանալու համար։ Համբարձումյանի տեղեկացմամբ՝ այդ պահին «Ֆուդ Սիթի» շուկայում, ըստ տեղի վարորդների, մեծ թվով ադրբեջանական ու թուրքական համարանիշերով մեքենաներ կան, որոնք ևս գյուղատնտեսական ապրանքներ են վաճառում։
Մոսկվայից փոխանցած տեղեկությունների համաձայն՝ հայկական պետհամարանիշերով մեքենաները շուկայից դուրս են հանել՝ պատճառաբանելով, որ չեն ուզում լարվածություն, ծեծկռտուք լինի ադրբեջանցիների ու հայերի միջև։ «Ես խոսել եմ վարորդների հետ, ասում են՝ տարածքում մեծ թվով ադրբեջանական ու թուրքական համարներով մեքենաներ կան։ Իրենց դուրս են հանել, որպեսզի լարվածություն, կռիվ-ղալմաղալ չլինի շուկայում։ Այս պահին այլ տեղեկություն չկա»,- ասաց Հերբերտ Համբարձումյանը՝ շեշտելով, որ միայն «Ֆուդ Սիթի» շուկայից են դուրս հանել, ոչ թե Մոսկվայի բոլոր առևտրի կետերից։
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ վարորդները մտահոգություն են հայտնել ապրանքի փչանալու հետ կապված։ «Դե պատկերացրեք, այնպես չէ, որ այսօր շուկայից հանեցին, նույն վայրկյանին կարող են այլ տեղ գտնել։ Ոչ, պետք է փնտրեն, հասկանան՝ ուր կարելի է գնալ։ Այդ ընթացքում ապրանքը փչանում է»,- ասաց Համբարձումյանը։
Ըստ տեղեկությունների` Մոսկվայում գործող «Ֆուդ Սիթի» առևտրի խոշոր կենտրոնը պատկանում է ազգությամբ ադրբեջանցիների, այդ պատճառով են հայերին այնտեղից դուրս հանել:











































