Սպիտակ տունը քննարկում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամներին և նրանց ընտանիքներին արգելել ԱՄՆ մուտք գործել՝ ի պատասխան Հոնկոնգի ինքնավարության լուծարման, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով չորս աղբյուրների:
Աղբյուրների համաձայն, ԱՄՆ իշխանությունները ծրագրում են չեղյալ համարել ԱՄՆ-ում գտնվող Չինաստանի Կոմունիստական կուսակցության բոլոր անդամների, ինչպես նաև չինացի բոլոր զինվորականների վիզաները:
Ակնկալվում է, որ համապատասխան որոշումը կկիրառվի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, որը ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի հիման վրա իրավունք ունի սահմանափակել մուտքը երկիր:
Հրապարակման համաձայն, Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամ են Չինաստանի շուրջ 92 միլիոն քաղաքացիներ, և, հետևաբար, շատ դժվար կլինի իրականացնել այս նախաձեռնությունը:
Ըստ վիճակագրության՝ 2018-ին Չինաստանի գրեթե 3 միլիոն քաղաքացի մուտք է գործել Միացյալ Նահանգներ: Իշխանությունները տեղյակ չեն նրանց մեծ մասի գտնվելու վայրի մասին, նշում է թերթը: