Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետական նստավայրում տեղի է ունենում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված գագաթնաժողով։ Այն նախագահում է վարչապետ Էրդողանը, որի պաշտոնական ծրագրում նշված էր միայն Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաների հետ հանդիպում։
Սակայն նրանց հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Բեշիր Աթալայը, Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը և Արդարադատության նախարար Սադալլուահ Էրգինը։ Այս հնգյակի մասնակցությամբ գագաթնաժողովը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 11.00-ին։
Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են վերջին օրերին խիստ արդիական դարձած Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հարցը։
Հիշեցնենք, որ միայն հուլիսի 15-ին Դիարբեքիրի Սիլվան շրջանում PKK-ն սպանել էր 13 և վիրավորել 7 թուրք զինծառայողի։ Այդ կապակցությամբ քրեական գործեր էին հարուցել և՛ Ներքին գործերի նախարարությունը, և՛ Գլխավոր շտաբի հետաքննիչ վարչությունը։
Ի դեպ, այս հարձակումից հետո թուրքական իշխանություններն աննախադեպ քայլի դիմեցին՝ վճռելով այսուհետ ահաբեկչության դեմ պայքարում ներառել նաև ոստիկանությանը։








































