«Առաջին լրատվականի» տեղեկություններով՝ պաշտոնական Երևանի պատասխանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձին կազմել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Սույն փաստը թերևս վկայում է այն մասին, որ հայկական կողմի դիրքերը բավական բարդ իրավիճակում են հայտնվել, իսկ այն, որ պաշտոնական Երևանի պատասխանը գրել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի առնչությամբ խորքային պատկերացումներ ունեցող և բանացային գործընթացին գիտակ Արկադի Ղուկասյանը, հավանաբար պետք է նաև եզրակացնել, որ պաշտոնական Երևանի համար Դմիտրի Մեդվեդևի ուղերձում անընդունելի առաջարկները որոշակի թիվ են կազմում:
Հիշեցնենք, որ Դ.Մեդվեդևի ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հուլիսի 8-ին կարճատև այցեր կատարելով Երևան և Բաքու: Ռուսաստանի նախագահի առաջարկներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանը այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական Մոսկվային էր փոխանցել հուլիսի 18-ին: Իսկ անցնող շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը նույնպես պաշտոնապես պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձին:








































