«Նաիրիտ» գործարանի կառավարման օպերատորի համար հետաքրքրության հայտ ներկայացրած գերմանական C.A.C. ընկերության ներկայացուցիչները Հայաստան կժամանեն մինչև այս ամսվա վերջը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը շեշտեց, որ նրանց ժամանման ստույգ օրը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե բացի C.A.C.-ից, ստացվել են նաև այլ հայտեր, սակայն՝ մրցույթի վերջնաժամկետից ավելի ուշ: Եթե այս գերմանական ընկերության հետ ընդհանուր հայտարարի չգան, ապա կուսումնասիրեն մյուս հայտերը:
«Նաիրիտ»-ի ազատ արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին գործարանի աշխատակիցները չեն ստացել միջինում 3 ամսվա աշխատավարձ: Գործարանի ղեկավարությունը դիմել է նախարարությանը՝ աջակցություն ստանալու խնդրանքով: Հ. Թադևոսյանը նշեց, որ, ըստ ամենայնի, աշխատավարձի պարտքը կմարվի վարկային միջոցների հաշվին:










































