Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020 թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել: Հիշյալ փոփոխություններն ու լրացումները հանրության տարբեր շերտերի կողմից տարբեր վերաբերմունքի են արժանացել՝ ոմանք ողջունեցին, ոմանք թերահավատություն հայտնեցին գործնականում դրանց կիրառման վերաբերյալ, ոմանք էլ դրանք համարեցին ավելորդություն՝ նշելով, թե մեր օրենսդրությունը մինչ այդ էլ հնարավորություն տալիս էր պայքարելու քրեական ենթամշակույթի դեմ, այլ բան է, որ գործնականում այդ պայքարը անարդյունավետ էր:
Հիշյալ հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ հիշյալ փոփոխություններով ու լրացումներով ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահից սկսած «լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով»:
ՀՀ գլխավոր դատախազը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ Արդարադատության նախարարի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ՀՀ Ոստիկանապետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի և իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Նախանշվել են հիմնական անելիքները կազմակերպված հանցավորության առավել վտանգավոր դրսևորումների նախականխման, բացահայտման, նման գործերով քննությունների որակի ապահովման, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցների կիրառման ուղղություններով, ինչպես նաև հանցագործության նման դեպքերով քննության տարբեր փուլերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող և նախաքննական մարմինների համագործակցության եղանակները, դատավարության մասնակիցների նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցների շրջանակին վերաբերող խնդիրները»:
Քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների գործերով քննության նկատմամբ դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության երկու դատախազ մասնագիտացվել է կոնկրետ տվյալ ոլորտում:
Հաշվի առնելով, որ Հայաստանում հիշյալ հանցատեսակների առումով դեռևս չի ձևավորվել իրավական պրակտիկա՝ այդ հանցագործությունների դեմ պայքարում հնարավոր թերացումներից և բացթողումներից խուսափելու նպատակով խնդիր է դրվել՝ ուսումնասիրել հետխորհրդային երկրների, մասնավորապես՝ Վրաստանի Հանրապետության փորձը՝ նկատի ունեալով, որ այդ պետություններից առաջինը Վրաստանում են քրեականացվել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները:
Կազմակերպվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարած պատվիրակության այցը Վրաստանի Հանրապետություն, որտեղ, Վրաստանին առնչվող գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրվել են հանցագործության այդ դեպքերով իրականացված քննություններին, դատախազական հսկողությանը, մեղադրանքի պաշտպանությանն առնչվող պրակտիկ խնդիրները, իրավակիրառական գործիքակազմերը:
Քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքներով իրավակիրառ պրակտիկայի միասնականության, հանրային իրազեկման ապահովման նպատակով ՀՀ դատախազության կողմից պատրաստվել է գիտագործնական մեկնաբանություն՝ «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը»:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ բացահայտվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու հանցավոր սխեմաներ:
ՀՀ քրեական օրենգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է թվով 5 քրեական գործ, որոնցից 3-ը միացվել է մեկ վարույթում: Քրեական բոլոր գործերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Այս քրեական գործերից մեկով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, երեք անձի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու, հինգ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար:
Քրեական հետապնդման ենթարկված նշված 10 անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ինչպես նշված գործերով հանցագործությունների հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, այնպես էլ քրեական ենթամշակույթի հետ կապված հանցավոր այլ սխեմաների հայտնաբերման, դրանցում ներգրավված անձանց հանցավոր գործունեությունը պարզելու և խափանելու ուղղությամբ:
«Քրեական ենթամշակույթի դեմ անզիջում և հետևողական պայքարը, այդ հասարակական չարիքն արմատախիլ անելը շարունակում է մնալ ՀՀ դատախազության, իրավապահ մյուս մարմինների բացարձակ առաջնահերություններից… ՀՀ դատախազությունն ակնկալում է հասարակության աջակցությունն այս երևույթների դեմ համակողմանի պայքարում»:
Օրենքի փոփոխությունից հետո կատարված գործնական քայլերից հնչեղություն է ստացել Արսեն Երևանսկու դեմ սկսված քրեական հետապնդումը: Այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել, իսկ ավելի ուշ կալանավորվել է «օրենքով գող» համարվող, Արսեն Երևանսկի մականունով Արսեն Մկրտչյանը: Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Պաշտպանական կողմը Արսեն Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը համարում է «անորոշ, ոչ հստակ», քանի որ մեղադրանքը հիմնավորող կոնկրետ գործողություններ չկան: Պաշտպանական թիմը նաև պայքարում է առողջական խնդիրներ, հաշմանդամության առաջին խումբ ունեցող Արսեն Մկրտչյանի խափանման միջոցը փոխելու ուղղությամբ՝ միաժամանակ նրա քրեական հետապնդումը համարելով անօրինական ու անհիմն:
ՀՀ ոստիկանությունը ներկայացվող ժամանակահատվածում հայտնել է, որ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ:
Դրանք վերաբերում են, մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան համայնքին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրին, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերին, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրին, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերին ու Գորայք համայնքի Գորայք բնակավայրի նախկին ու ներկա ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:
Այդ դեպքերով հարուցվել է քրեական գործ, որով անցնող անձանց միջև ներքին տարաձայնություններ են եղել: Ըստ տարածված տեղեկությունների՝ կողմերից մեկը դիմել է Արսեն Երևանսկի մականունով Արսեն Մկրտչյանին, վերջինս էլ, ենթադրաբար, փորձել է տարաձայնությունները հարթել: Հնարավոր է՝ դա Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքների կազմակերպում:
Արսեն Երևանսկու քրեական գործին է առնչվում նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի կալանավորումը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել, շատերին գումար է պարտք եղել, մարդիկ չեն կարողացել հետ ստանալ իրենց գումարները: Եվ իրավապահներին դիմելու փոխարեն նախընտրել են դիմել «գողականներին», որպեսզի իրենց հասանելիք գումարները ստանան: Սա, իհարկե, ցույց է տալիս «քրեական ենթամշակույթ» ասվածի վտանգավոր տարածվածությունն ու «հեղինակության» աստիճանը, ինչպես նաև մարդկանց մտածողության վրա ազդեցության անցանկալի մակարդակը:
Խնդրի կարգավորմանը ներգրավված Արսեն Երևանսկին, ենթադրաբար, ինչ-ինչ եղանակով Հակոբ Ավետյանից պահանջել է վճարել մարդկանց գումարները եւ այդ ողջ խոսակցությունը Ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնալսվել է… Դրան հետևել է հենց գյուղապետարանի շենքից Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին արգելանքի տակ առնելը:
Ըստ Հակոբ Ավետյանի բարեկամներից մեկի մեկնաբանության՝ Ավետյանն ընդամենը օգնել է իր քենակալին: Ու նրան մեղադրում են, քանի որ քենակալի ունեցած պարտքերը «գողականներն» են պահանջել, նրան մեղադրում են, որ առնչվել է քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ: Ըստ Ավետյանի հարազատի՝ ստացվում է, որ եթե մարդը օրենքով գողին գումար է պարտք ու այդ գումարը վերադարձնում է, ուրեմն քրեորեն պատժելի արա՞րք է կատարում:
Դեռ մինչև քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացումը մեր իրականության մեջ քննվել ու քննվում են քրեական գործեր քրեական հեղինակություն համարվող ՝ այսպես ասած՝ աստիճանակարգություն ունեցող, այս կամ այն մականունը կրող անձանց վերաբերյալ: Հնուց եկող «ավանդույթով»՝ քրեական հեղինակություն վայելողներին երբեմն-երբեմն «սաստելու համար» մեղադրել ու մեղադրում են ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, տևական ժամանակ քննություն է անցկացվում ու ի վերջո խորհրդանշական պատիժ է նշանակվում, որը չի փոխում տվյալ մարդու և նրա շրջապատի ապրելակերպն ու աշխարհայացքը: Քրեական հեղինակություն համարվողների ու նրանց հարողների վերաբերյալ քննվող գործերով հիմնականում ներգրավվում է բավական որակյալ պաշտպանական թիմ, որը դատական քննության ընթացքում վեր է հանում վարույթն իրականացրած մարմնի թույլ տված բազմաթիվ բացթողումները: Քրեական գործը քննության ընթացքում թույլ տրված բացթողումների ու թերությունների պատճառով երբեմն դատարանում բավական թուլանում է, և դրա արդյունքը՝ մեղմ դատավճիռը, միայն ուրախություն ու ոգևորություն է պատճառում քրեական ենթամշակույթին պատկանող ու համակրող շրջանակներին:
Նկատի առնենք նաև, որ վերջին շրջանում մայրաքաղաքում ու մարզերում հաճախացել են զենքի գործադրմամբ «հաշիվ մաքրելու», քրեական ենթամշակույթի ոգով պարզաբանումներ վարելու և «վերջին խոսքը» կրակոցներով «ասելու» ողբերգական դեպքերը: Մտահոգիչ վիճակագրության հետևում ընդհատված մարդկային կյանքեր ու անդառնալի ողբերգություններ են, որոնք նաև քրեական ենթամշակույթի շոշափուկների տարածվածության, խորացվածության ու նախկինում դրա դեմ տարված անարդյունավետ պայքարի հետևանք են:
Նոր օրենքը կարող է այդ պայքարը արդյունավետ դարձնել միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր գործով քննության առաջին իսկ պահից կատարվի որակյալ և օրինական բացահայտում, թույլ չտրվի անհարկի շտապողականություն, անուշադրությամբ կամ միտումնավոր կերպով չկատարվեն օրենքի խախտումներ ու շրջանցումներ, քանի որ նոր օրենքի կիրառման ասպարեզում յուրաքանչյուր պարտություն թուլացնելու է այդ օրենքը և ուժեղացնելու է «քրեական ենթամշակույթ» ասվածը, որը միջոցներ չի խնայելու որակյալ փաստաբանական ծառայության, հանցավոր լայն կապերի միջոցով օրենքի կիրառմանը հակահարված տալու և իր անպատժելիությունը հնարավորին չափով ապահովելու համար:











































