ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու առնչությամբ գործով տարվող քննության անկախության և անաչառության ապահովման վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը քննել է վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ դիմողներ Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանի և դիմող Գ. Կարապետյանի վճռաբեկ բողոքները:
Տուժող Ա. Հակոբջանյանը 2017 թվականի մայիսի 3-ին ցուցմունք է տվել, որ իր հիշելով՝ 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ ինքը գտնվել է Ստեփանավանում, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Գ. Կարապետյանն իրեն Ալավերդի ճանապարհելու նպատակով պատահական տաքսիով ուղեկցել է Ստեփանավանի ավտոկայան: Ճանապարհին 3-4 մեքենա շրջափակել ու կանգնեցրել են տաքսին: Մեքենաներից դուրս են եկել շուրջ 10 տղաներ, որոնք չեն ներկայացել, բայց «նրանց մոտեցումից հասկացել են, որ ոստիկանության աշխատակիցներ են»: Նրանցից մեկը ատրճանակն ուղղել է դեպի տաքսին ու պահանջել է դուրս գալ մեքենայից: Միաժամանակ նրանք տաքսու դռները բացել, իրեն ու Գ. Կարապետյանին քաշելով իջեցրել են, վերջինիս ձեռքերը ոլորել ու նրան մի կողմ են տարել, իսկ իր ձեռքերը դեպի հետ ոլորելով՝ ձեռնաշղթա են հագցրել, նստեցրել են իրենց մեքենայի հետնամասում: Առանց պատճառը հայտնելու 4 աշխատակիցներ իրեն բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին, տարել են երկրորդ հարկում գտնվող աշխատասենյակ: Իր ձեռնաշղթան հանել են, քրեական հետախուզության բաժանմունքի պետը հարցրել է, թե որտեղից են ինքն ու Գ. Կարապետյանը գողություն կատարել: Ինքը պատասխանել է, որ գողություն չի կատարել: Բաժանմունքի պետը աջ ձեռքով ուժգին ապտակել ու հայհոյել է իրեն՝ պահանջելով խոստովանել Գ. Կարապետյանի հետ գողություն կատարելու հանգամանքը:
Ինքը նորից պատասխանել է, թե որևէ մեկի հետ գողություն չի արել: Դրանից հետո շուրջ հինգ րոպե ընդմիջումներով աշխատասենյակում գտնվող ոստիկանները ձեռքերով ու ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ:
Տուժող Գ. Կարապետյանը 2017 թվականի մայիսի 4-ին մասամբ նույնաբովանդակ ցուցմունք է տվել և հավելել, որ Ա. Հակոբջանյանին բերման ենթարկելուց հետո ինքը գնացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, ցանկացել է ներս մտնել, բայց հերթապահ մասի աշխատակիցը թույլ չի տվել: Շուրջ հինգ ժամ սպասել է ընկերոջը: Տեսնելով, որ նրան բաց չեն թողնում, ինքը նորից փորձել է մտնել բաժին, թույլ չեն տվել: Ինքը վիճաբանության մեջ է մտել աշխատակիցների հետ, որի ընթացքում հայհոյել ու քաշքշել են միմյանց, քրեական հետախուզության բաժանմունքի պետը ապտակել է իրեն, աշխատակիցներից մեկը ատրճանակով սպանության սպառնալիք է տվել: Հետո ինքը բարձրացել է բաժնի պետի աշխատասենյակ, պետը մեկ անգամ ապտակել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներից երկուսը հայտնել են, որ 2016 թվականի հուլիսին Ստեփանավանում կատարված գողության դեպքով ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել, որ գողությունը հնարավոր է՝ կատարել է գողության համար նախկինում դատապարտված Գ. Կարապետյանի ընկեր Ա. Հակոբջանյանը:
2016 թվականի օգոստոսին տեղեկացել են, որ Հակոբջանյանը Կարապետյանի տանն է: Քրեական հետախուզության բաժանմունքի պետի հանձնարարությամբ գողության կասկածանքով գնացել են Հակոբջանյանին բերման ենթարկելու: Հնարավոր կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու նպատակով որոշել են Հակոբջանյանին բերման ենթարկել Կարապետյանի տանից դուրս գալուց հետո: Գործընկերոջ մեքենայով իրենք քաղաքում էին, երբ նկատել են, որ Հակոբջանյանը Կարապետյանի տանից դուրս է գալիս: Նրանք նստել են ինչ-որ մեքենա: Իրենք այդ մասին տեղեկացրել են քրեական հետախուզության բաժանմունքի պետին, նա ասել է, թե կմոտենա: Իրենք հետևել են Հակոբջանյանի նստած մեքենային, ապա ազդանշան տալով կանգնեցրել են այն, մոտեցել են կանգնած մեքենային, բաժանմունքի պետն էլ հասել էր արդեն: Իրենք պահանջել են, որ Հակոբջանյանն իջնի մեքենայից: Վերջինս առանց խնդիրներ առաջացնելու իջել է, բայց նրա ընկեր Գ. Կարապետյանը սկսել է գոռալ ու դժգոհել, թե ի՞նչ են ուզում իր ընկերոջից, ինչո՞ւ են ուզում բերման ենթարկել: Բաժանմունքի պետը նրան կարգի է հրավիրել՝ ասելով, թե իրենց աշխատանքն են կատարում:
Իրենց մեքենայով Ա. Հակոբջանյանին բերման են ենթարկել բաժին: Բերման ենթարկելու պահին իրենք մեկ մեքենայով էին, բաժանմունքի պետն էլ մոտեցել էր իր մեքենայով, ուրիշ մեքենաներ չկային:
Ոստիկանության աշխատողները հայտնել են, թե նույն օրն առավոտյան իրենք Հակոբջանյանին հրավիրել էին բաժին, նա չէր ներկայացել, դրա համար էլ փողոցից էին նրան բերման ենթարկել:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետը Ստեփանավանի քննչական բաժնի պետին պետին ուղղված՝ 2016 թվականի դեկտեմբերի 1-ի գրությամբ խնդրել է թույլատրել իրեն ու Լոռու մարզային վարչության պետին թույլ տալ Գ. Կարապետյանի հետ «օպերատիվ-հետախուզական բնույթի հարցազրույց» ունենալու նպատակով մուտք գործել Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ: Նշված գրությանն ի պատասխան՝ նրանց տրվել է ՁՊՎ մտնելու թույլտվություն:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը հայտնել է, թե բնակարանային գողության կասկածանքով Ստեփանավանի բաժնի կողմից ձերբակալված Գ. Կարապետյանի՝ հնարավոր այլ գողություններ կատարելու հանգամանքը պարզելու նպատակով Ստեփանավանի բաժնի պետի հետ մուտք են գործել Տարոնի բաժնի ՁՊՎ՝ Գ. Կարապետյանի հետ «օպերատիվ հարցազրույց ունենալու նպատակով»: Հարցեր են տվել կոնկրետ գողության դեպքի և հնարավոր այլ գողությունների վերաբերյալ: Ո՛չ ինքը, ո՛չ Ստեփանավանի բաժնի պետը չեն առաջարկել Գ. Կարապետյանին որոշակի գումարի դիմաց գողության երեք դեպք ընդունել: Նման բովանդակությամբ խոսակցություն առհասարակ չեն վարել:
Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետը:
Ոստիկանության Տարոնի բաժնի պետի գրության համաձայն՝ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին ՁՊՎ ընդունվելուց հետո Գ. Կարապետյանը բողոքել է գլխացավից, մարմնի ընդհանուր թուլությունից, հրավիրվել է շտապօգնություն, Կարապետյանին ցուցաբերվել է բուժօգնություն:
Տարոնի բաժնի ձերբակալված անձանց բուժզննության գրանցման մատյանի տվյալների համաձայն՝ Գ. Կարապետյանը 2016 թվականի դեկտեմբերի 1-ին գանգատվել է ընդհանուր թուլությունից, գլխացավից, վերին վերջույթում թմրածության զգացողությունից, սրտի շրջանում ծակող ցավից: Ախտորոշում՝ վեգետատիվ կրիզ… Նույնանման գրառում կա նաև դեկտեմբերի 2-ի վերաբերյալ: Ցուցաբերվել է բուժօգնություն, կատարվել է ներարկում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի՝ 2017 թվականի հունիսի 15-ի գրության համաձայն՝ պարզվել է, որ Ա. Հակոբջանյանի ու Գ. Կարապետյանի նկատմամբ 2016 թվականի օգոստոսի 4-ին բռնություն չի գործադրվել, պարզվել է նաև, որ այդ օրը նրանց տեղափոխող տաքսու վարորդը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից:
Քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման մեջ արձանագրվել է. «Նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները… Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի հայտնած տեղեկությունները՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ բռնություն գործադրելու, հայհոյելու, սպառնալու, Ա. Հակոբջանյանին առավոտյան բերման ենթարկելու, ապօրինի ազատությունից զրկելու և բերման ենթարկելու մասին արձանագրության մեջ ժամը 15-ն անց 45-ը ամրագրելու, Գ. Կարապետյանին սպանելու սպառնալիք տալու, ցուցմունք տալուն հարկադրելու, պաշտոնեական կեղծիք կատարելու կամ ապացույց կեղծելու վերաբերյալ, կատարված նախաքննության ընթացքում բացի շահագրգիռ անձանց ցուցմունքներից այլ ապացույցներով չեն հաստատվել, հետևաբար՝ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ պաշտոնատար անձանց…»:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ մերժվել է դիմողների ներկայացուցիչ Ա. Չատինյանի բողոքը:
Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 7-ի որոշման համաձայն՝ ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու»՝ 2017 թվականի սեպտեմբերի15-ի որոշումն օրինական է և հիմնավորված, Ա. Չատինյանի բողոքը ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մայիսի 31-ի որոշմամբ նույնպես վերոհիշյալ որոշումը ճանաչվել է «օրինական ու հիմնավորված», Ա. Չատինյանի և Գ. Կարապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ վճռաբեկ բողոք բերած անձինք՝ Ա. Չատինյանն ու Գ. Կարապետյանը, պնդել են, թե վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն կատարվել հանցագործությունն ու մեղավորներին բացահայտելուն ուղղված գործողություններ, ինչը հանգեցրել է տուժողների իրավունքների խախտման: «Վարույթն իրականացնող մարմինը ձեռքի տակ ունենալով երկու անձի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մասին տվյալներ, դրանց համարժեք գնահատական չի տվել, չի կատարել արդյունավետ քննություն»:
Բողոքաբերները խնդրել են բեկանել և փոփոխել վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մայիսի 31-ի որոշումը՝ վերացնելով դիմողների իրավունքների խախտումները կամ գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայման ենթարկելու նպատակը մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումը վերացնելու սահմադրական գործառույթի իրականացումն է:
Վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ ՄԻԵԴ կողմից ընդդեմ Հայաստանի կայացված մի շարք վճիռներում արձանագրվել է, թե պետությունը իր պոզիտիվ պարտականությունների շրջանակներում չի կատարել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն, ինչը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի խախտման:
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նման գործերով պետության պոզիտիվ պարտականությունն է, որ քննությունը լինի արագ և մանրամասն: Դա նշանակում է, որ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է իրականացնեն լուրջ ջանքեր, պետք է կատարվեն բոլոր ողջամիտ քայլերը: Քննության ցանկացած թերություն, որ հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու առնչությամբ տարվող քննության անկախության ու անաչառության ապահովման տեսանկյունից, մասնավորապես, անընդունելի էր անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ տալը ոստիկանության՝ առնվազն նույն վարչությանը, որի աշխատակիցներն առնչվում էին քննվող գործին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ տալիս չի ապահովվել դրանք կատարող մարմնի՝ տվյալ գործի նկատմամբ գերատեսչական հետաքրքրության բացակայությունը, կողմերից մեկի և օպերատիվ-հետախուզական միջոցառումները կատարող կառույցի շահերի համընկման անթույլատրելիությունը:
Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ տվյալ գործով Ա. Հակոբջանյանի ու Գ. Կարապետյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու կապակցությամբ չեն ձեռնարկվել բոլոր ողջամիտ քայլերը, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների պայմաններում արդյունավետ քննություն չի իրականացվել, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանների կողմից:
Դատական ակտ կայացնելիս ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները թույլ են տվել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադարիչի , ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11 և 17 հոդվածների խախտումներ, որոնք բնույթով էական են, քանի որ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Վճռաբեկ դատարանը բեկանել և փոփոխել է դիմողներ Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանի և դիմող Գ. Կարապետյանի բողոքների վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մարտի 7-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մայիսի 31-ի որոշումը: Վճռաբեկ բողոքները բավարարվել են՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնելու Ա. Հակոբջանյանի և Գ. Կարապետյանի իրավունքների խախտումները:











































