ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մնալ 102-րդ հորիզոնականում։ Այս տարի մեր հավաքականը որևէ հանդիպում չի անցկացրել։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ազգային հավաքականների մակարդակով այս տարի նախատեսված բոլոր մրցաշարերը կարող են հետաձգվել։ Հիշեցնենք, որ այս օրերին 12 քաղաքներում պետք է տեղի ունենար Եվրո-2020-ը, բայց․․․։ Ինչևէ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսին նշանակվելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ մեր ազգային թիմի համար սկսվեց մի նոր և ըստ էության աննախադեպ ժամանակաշրջան։ Լիահույս էինք, որ բարձրակարգ մասնագետի գլխավորությամբ մեր հավաքականում դրական տեղաշարժեր կլինեին։
Հիմա էլ լիահույս ենք, բայց թե երբ Կապառոսը կանցնի գործնական աշխատանքի և երբ կտեսնենք այդ տեղաշարժերը, դժվար է ասել։ Ժամանակաշրջանը ուշագրավ է հատկապես նրանով, որ ունենալով Եվրոպայում ճանաչում ունեցող գլխավոր մարզիչ մեր հավաքականն ուղղակի չի խաղում։ Հայաստանի ազգային թիմը իր վերջին ելույթներով, մեղմ ասած, հիասթափեցրել էր երկրպագուներին։ Ու մինչ Հայաստանի ազգային թիմը չսկսի խաղալ, նեգատիվ զգացողությունները երկրպագուների շրջանում չեն թոթափի։Դասակարգման աղյուսակում զիջում ենք այնպիսի հավաքականների, ինչպիսիք են, օրինակ, Մավրիտանիան, Գաբոնը, Հայիթին, Բենինը, Վիետնամը, Ղրղըզստանը…Տարիներ շարունակ, երբ մեր հավաքականը նահանջում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում էին, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Շատերը հիմա էլ այն կարծիքին են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը սխալ հաշվարկ է կատարում և օբյեկտիվորեն չի բաշխում միավորներն ազգային հավաքականներին: Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»:
Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի:Մինչև Իտալիայի հետ հայտնի հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի վերը թվարկած հավաքականներին: Հիմա արդեն նան համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: Այո, հնարավոր է, որ Վիետնամի հետ մրցելու դեպքում հաղթենք, բայց դա չի նշանակում, որ այս պահին արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքաանից ավելի բարձր դիրք ունենալուն:Վերջին տարիներին մեր հավաքականն այն աստիճան անհաջող է ելույթ ունեցել, որ վարկանիշից դժգոհելու մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք: Այո, պետք է արձանագրենք, որ նոր մարզչի գլխավորությամբ սկսելու ենք 0-ական կետից։ Եվրոպայի կտրվածքով կարող ենք ասել, որ ամենաթույլերից մեկն ենք: Եթե ժամանակին մեզ մի գլուխ բարձր էինք դասում, օրինակ, Լյուքսեմբուրգից, Անդորայից, Լիխտենշտեյնից, ապա այսօր չկա վստահություն, որ այս հավաքականների հետ մրցավեճերում կկարողանանք երեք միավոր վաստակել: 2018 թվականին չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին:
Անցյալ տարվա հունիսին կրկին մրցեցինք Լիխտենշտեյնի հետ: Հաղթեցինք, և թվում էր, թե սայլը տեղից շարժվում է: Այնուհետև տոնեցինք ևս երկու հաղթանակ, բայց… Կրկին հանդիպեցինք Լիխտենշտեյնին, կրկին ոչ-ոքի խաղացինք և հասկացանք, որ կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ: Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 102-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Ու կշարունակենք մնալ այս դիրքում քանի դեռ ազգային հավաքականների մակարդակով մրցաշարերը չեն սկսվել։
Նախատեսվածի համաձայն մերոնք առաջին հանդիպումը պետք է անցկացնեն այս տարվա սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային։







































