Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ Վան քաղաքում տեղի է ունեցել քուրդ քաղաքական գործիչների քառօրյա ֆորումը, որին մասնակցել են քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) գործիչները։
Ֆորումի ժամանակ քննարկվել է քրդական ժողովրդավարական ինքնավարության շուրջ տիրող իրավիճակը, թուրքական խորհրդարանի աշխատանքների բոյկոտը և այլ կարևոր հարցեր։
Տվյալ խնդիրների լուծման կապակցությամբ քուրդ քաղաքական գործիչները կազմել են «ճանապարհային քարտեզ»։ Ֆորումն ավարտվել է Վանի Աղթամար կղզի կատարած խորհրդանշական այցով։
ԽԺԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը, պատասխանելով լրագրողների հարցերին, Թուրքիայի վարչապետ Էրդողանին կոչ է արել բարի կամք դրսևորել Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների նկատմամբ.
«Նախորդ օրը Շեմդինլիում սպանվեցին 2 PKK-ականներ, Սիլվանում սպանվեցին 13 թուրք զինծառայողներ և 7 PKK-ականներ, այսօր Մարդինում սպանվեցին 3 թուրք զինծառայողներ։ Սրանք բոլորը շատ ցավալի դեպքեր են։ Դրանք ցավալի են ողջ Թուրքիայի համար։
Հայտնի է, որ հարցի լուծման ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Ես այստեղից հերթական կոչն եմ հղում վարչապետ Էրդողանին։ Թո՛ղ վարչապետը դիմի PKK-ին։ Թո՛ղ բարի կամք դրսևորի խաղաղության հաստատման համար։ Այստեղ քրդերն ու թուրքերը որևէ մեղք չունեն։ Խնդիրը բխում է պետական համակարգից, պետական ղեկավարումից։
Բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ (սահմանադրական) ճանապարհով։ Ռազմական ու քաղաքական գործողությունների միջոցով անհնար է լուծել PKK-ի հարցը»։









































