Իսպանիայի RTVE առաջին ալիքով տեղի կունենա հայկական պատմական «Ուրարտու. Մոռացված Թագավորություն» ֆիլմի պրեմիերան: Այս մասին «Ինֆոտեկա 24»-ին տեղեկացրել է ֆիլմի պրոդյուսեր, HAYASA մշակութային-կրթական կենտրոնի հիմնադիր տնօրեն Տիգրան Մանասյանը:
Ռեժիսոր Վահե Վարդանյանի ֆիլմը պատմում է աշխարհի հնագույն պետություններից մեկի մասին: Աստվածաշնչում Ուրարտուն հիշատակվում է որպես Արարատի երկիր:
Հարցին, թե ֆիլմը երբ կցուցադրվի Արցախում, Հայաստանում կամ Ռուսաստանում, Մանասյանը պատասխանել է, որ երևանյան ցուցադրությունը նախատեսված է Երևանի օրը կինոթատրոններից մեկում: Բայց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է փոխել ծրագրերը, իսկ պրեմիերան կարող է տեղի ունենալ երկրում զանգվածային միջոցառումների արգելքի չեղարկումից հետո:
Նա նշել է, որ ֆիլմի ստեղծողներն աշխատում են այնպես անել, որ այն ցուցադրվի աշխարհի տարբեր հատվածներում: Մասնավորապես, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ում, Ճապոնիայում և եվրոպական մի շարք երկրներում ֆիլմի ցուցադրության համար:
Ֆիլմը նկարահանվել է 4 երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հայաստանում և Թուրքիայում (Արևմտյան Հայաստան):









































