Թուրքական Kamupersonel կայքի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և դրա մոտ ընկած Ուտոյա կղզում առնվազն 93 մարդու կյանք խլած Անդերս Բեհրինգ Բրեյվիկի տան բնակարանի խուզարկությունից հետո հայտնաբերվել է մի փաստաթուղթ, որը մարդասպանն անվանել է «Եվրոպայի անկախության մանիֆեստ – 2083»։
1518 էջանոց այդ փաստաթղթում խոսք է գնում նաև սելջուկյան, օսմանյան և քեմալական Թուրքիայի մասին։ Բրեյվիկը նշել է, որ պատմության ընթացքում Թուրքիայում սպանվել են միլիոնավոր քրիստոնյաներ, գործել է դևշիրմեի համակարգը (մանկահավաք կամ տղայահավաք), հարյուր հազարավոր քրիստոնյաներ իսլամականացվել են։
Ըստ Բրեյվիկի՝ թուրքերն աշխարհի ամենացեղասպան ազգերից մեկն են, քանի որ ցեղասպանության են ենթարկել հայերին, հույներին ու ասորիներին։
Բրեյվիկի մանիֆեստի 147-187 էջերը նվիրված են Օսմանյան կայսրության Թանզիմաթի (1839, բարեփոխումների) ժամանակաշրջանին, սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին (Կարմիր սուլթան), «Իթթիհաթ վե Թերաքքիին» («Միություն ու առաջադիմություն»), որի պարագլուխներն էին Էնվերը, Թալեաթը և Ջեմալը։ Լայն անդրադարձ է կատարված նաև Աթաթուրքի գործունեությանը։
Բացի այդ, Բրեյվիկի ուշադրությունից չի վրիպել նաև Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի իսլամիստական գործունեությանը, ինչը համեմատվում է 1950-1960 թվականներին Ադնան Մենդերեսի և 1990-ական թվականների կեսերին Նեջմեթթին Էրբաքանի կառավարությունների իսլամական գործունեության հետ։ Նա նշում է, որ Էրդողանը խարխլում է 1923 թվականին Աթաթուրքի կողմից աշխարհիկ հիմքերը (լաիցիզմ) և վերադարձ է կատարում շարիաթին։
313-րդ էջում Բրեյվիկը կտրուկ դեմ է արտահայտվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը՝ շեշտը դնելով իսլամական գործոնի վրա։ Նա ընդգծում է այն հանգամանքը, որ եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա կհանդիսանա նրա ամենամեծ անդամը։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն աջակցելը կնշանակի աջակցել ջիհաթին (սրբազան պատերազմ), ինչն անհետանալու վտանգի տակ է դնում եվրոպական ազգերին։
Անհրաժեշտ է, որ միավորվեն բոլոր քրիստոնյաները, բուդդիստները, հինդուիստները։ Եթե ԱՄՆ-ը մուսուլմանական երկրներ հանդիսացող Թուրքիային ու Ալբանիային վտարի ՆԱՏՕ-ից, ապա վերջինս կարող է շարունակել իր գործունեությունը։
«Եվրոպայի տարածքային պահանջները» խորագրով հատվածում Բրեյվիկը գրել է, որ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) պետք է վերադարձվի կիպրացի հույներին, Արևմտյան Անատոլիան՝ Հունաստանին, Արևելյան Անատոլիան (Արևմտյան Հայաստան)՝ Հայաստանին, այս տարածքներում բնակվող բոլոր թուրքերին պետք է ուղարկել Միջին Անատոլիա։ Պետք է իրագործել Սևրի պայմանագիրը։
ՀԿԹՀ-ն, Արևմտյան ու Արևելյան Անատոլիան նորից քրիստոնյաներին վերադարձնելու համար անհրաժեշտ է պատերազմ սկսել։ Սակայն մինչ այդ, անհրաժեշտ է ոչնչացնել մուսուլմանական Պակիստանի միջուկային զենքերը, որպեսզի նա չկարողանա դրանք տրամադրել Թուրքիային։
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ ժամանակին Թուրքիա այցելած Բրեյվիկը Թուրքիայի կատաղի թշնամի դուրս եկավ։









































