Անկախ ամեն ինչից պետք է լուծվի Սահմանադրական դատարանի հարցը, պետք է լուծվի մեր երկրում դատական համակարգի նկատմամբ վստահության հարցը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները ՍԴ հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողովին, և ինչ ակնկալիքներ ունեն այդ կառույցից:
«Թե Վենետիիկի հանձնաժողովն ինչ որոշում կայացնի, ես չեմ կարող ասել, բայց որ այդ հարցը լուծվելու է, դա միանշանակ կարող եմ ասել»,-ասաց նա:
Հրաչյա Հակոբյանն ափսոսանք հայտնեց, որ կորոնավիրուսի պատճառով սահմանադրական հանրաքվեն չկայացավ և, ըստ էության, էլ չի կայանալու. «Ափսոսում եմ, որ հանրաքվեն տեղի չունեցավ, որովհետև հանրաքվեն ևս մեկ անգամ ի ցույց կդներ, թե ինչ վստահություն է վայելում այսօրվա իշխանությունը ժողովրդի մոտ: Ցավոք, եղավ այս չարաբաստիկ համավարակը»: