Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները:
«Ամենակարող Արարչի շնորհը կայանում է նրանում, որ, չնայած ճգնաժամերին, առճակատումներին և հակամարտություններին, գոյություն ունեն հավերժական արժեքներ, որոնք թույլ չեն տալիս, որ մեր աշխարհը գլորվի անդունդը:
Դրանց թվում են՝ տարբեր ազգություն, կրոն, մշակույթ ունեցող մարդկանց խաղաղ գոյակցությունը, փոխըմբռնման մշակույթը: Պատահական չէ, որ մեր սուրբ գրքերը՝ Թորան, Աստվածաշունչը և Ղուրանը, մեզ բոլորիս հորդորում են լինել ողորմած և կարեկցող՝ հանուն մարդկության, անկախ մեր հավատքից»,- նշում է Փաշազադեն:
«Համաշխարհային այս ճգնաժամի պայմաններում իրանցիները զրկված են խիստ անհրաժեշտ դեղամիջոցներից, երկիրը կանգնած է մարդասիրական աղետի շեմին:
Մենք խնդրում ենք ձեզ հանուն մարդասիրության և մարդկային համերաշխության չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, համաճարակի ընթացքում մորատորիում հայտարարել բոլոր արգելքների և սահմանափակումների վերաբերյալ և իրանական ժողովրդին ազատել մեկուսացումից և ճգնաժամից»,- գրել է Փաշազադեն: