Գերմանիայի ՆԳՆ-ը արգելել է լիբանանյան շիայական ահաբեկչական «Հեզբոլահ» խմբավորման գործունեությունը: Այս մասին հաղորդում է DW-ն:
«Դաշնային նախարար Հորսթ Զեեհոֆերն այսօրվանից արգելել է Գերմանիայում «Հեզբոլահ» շիայական իսլամական ահաբեկչական կազմակերպության գործունեությունը: Առավոտյան ոստիկանությունը միաժամանակ խուզարկումներ է իրականացրել մի քանի դաշնային նահանգներում», – ասել է նախարարի խոսնակ Սթիվ Ալտերը:
Իրավապահները գտնում են, որ Գերմանիայում կա 1,050 մարդ, որոնք պատկանում են «Հեզբոլահի» ծայրահեղական թևին:
2019 թվականի դեկտեմբերին Բունդեսթագի անդամները հանդես եկան հայտարարությամբ, որում կոչ էր արվում Գերմանիայի կառավարությանը արգելել երկրում «Հեզբոլահի» գործունեությունը: Այս պահանջը բացատրվում է Իսրայելի անվտանգության համար Գերմանիայի հատուկ պատասխանատվությամբ:
Լիբանանում «Հեզբոլահի» քաղաքական թևը խորհրդարանում ունի իր ներկայացուցիչները, որոնք վերջերս ներգրավվել են կառավարության ձևավորման մեջ: «Հեզբոլահը» գրեթե ամբողջությամբ վերահսկում է շիաներով բնակեցված հարավային Լիբանանը:











































