Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Օրակարգային հարցերի թվում էր հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագրի էսքիզային առաջարկության ներկայացումը:
Քաղաքաշինական խորհրդի 30 անդամներից ներկա էին 27-ը, որոնց մասնակցությամբ մասնագիտական ակտիվ և շահագրգիռ քննարկում ծավալվեց դեռևս 2010 թվականին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից մշակված և երեկվա նիստում ներկայացված առաջարկի շուրջ:
Արդյունքում՝ 24 կողմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ քաղաքաշինական խորհուրդը որոշեց հավանություն տալ ներկայացված վայրում առաջարկվող ծավալատարածական լուծումներին: Միաժամանակ, որոշվեց ընքացք տալ գործընթացին՝ նախագծի հաջորդ փուլում նկատի առնելով խորհրդի անդամների արված առաջարկությունները և դիտողությունները:
Օրակարգի հաջորդ հարցը Արամի 36 հասցեում նախատեսվող 20 հարկանի հյուրանոցի նախագծի քննարկումն էր, որը ներկայացվեց ճարտարապետ Ալբերտ Կարոյանի կողմից: Այս նախագիծը քաղաքաշինական խորհրդի անդամները միաձայն մերժեցին՝ առաջարկելով սահմանափակել հյուրանոցի հարկայնությունը՝ նկատի առնելով հարակից շենքերի բարձրությունները:







































